Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության պայմանները

Եվրահանձնաժողովն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին, սակայն դրա համար Կիևը պետք է պարտադիր կատարի բոլոր պայմանները, ներառյալ՝ բարեփոխումների իրականացումը, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծումը և կոռուպցիայի դեմ պայքարի պահանջների կատարումը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ժամանելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա առաջին նիստին։

Գագաթնաժողովի երկրորդ օրը նվիրված է ԵՄ-ի գործընկերների՝ Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ աշխատանքին և Չինաստանին հակազդմանը, ինչպես նաև Ուկրաինային տրամադրվող օգնությանը։

«Եվրահանձնաժողովը լիովին աջակցում է Ուկրաինայի անդամակցությանը ոչ միայն ԵՄ-ին, այլև ՆԱՏՕ-ին, սակայն դրա համար անհրաժեշտ են բարեփոխումներ, (խմբ․՝ ժողովրդավարական) ինստիտուտների ստեղծում, պայքար կոռուպցիայի դեմ: Եվրահանձնաժողովն ակտիվորեն աշխատում է Ուկրաինայի հետ՝ աջակցելու դրա բարեփոխումներին», – ֆոն դեր Լայենի խոսքերն է վկայակոչում ТАСС-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ժողովրդավարական բարեփոխումներն «ընթանում են վիթխարի արագությամբ»։

«Վստահ եմ, որ եթե Ուկրաինան պահպանի բարեփոխումների տեմպը, ապա կկարողանա արագորեն անդամակցել ԵՄ-ին, իհարկե, եթե կատարի բոլոր անհրաժեշտ պայմանները», – ասել է ֆոն դեր Լայենը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի՝ հուլիսի 11-ին ընդունված ամփոփիչ փաստաթղթում նշվում է, որ դաշինքին անդամակցելու հրավեր Ուկրաինային կարող է տրվել միայն Ռուսաստանի հետ հակամարտությունն ավարտվելուց հետո, բոլոր պայմանները կատարելուց հետո և ՆԱՏՕ-ի բոլոր երկրների միաձայն հավանությամբ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ընդգծել է, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, ՆԱՏՕ-ն կշարունակի ակտիվորեն զենք մատակարարել Ուկրաինային՝ Ռուսաստանի նկատմամբ «մարտի դաշտում հաղթանակի հասնելու համար», հակառակ դեպքում Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների հարցն իմաստ չի ունենա:

Տեսանյութեր

Լրահոս