Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 100-ը
Հնդկաստանի հյուսիսում ավելի քան 100 մարդ է զոհվել անձրևների առաջացրած հեղեղումների և սողանքների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է India Today պարբերականը։
Ամենից շատ տուժել է Հիմաչալ Պրադեշի նահանգը, որը գտնվում է Հիմալայների նախալեռներում: Այստեղ տեղի են ունեցել բազմաթիվ սողանքներ, ջրի տակ են անցել շատ բնակավայրեր։ Նահանգում տարերքի հարվածի հետևանքով զոհվել է մոտ 80 մարդ, անձրևները գործնականում դադարել են, կատարվում են փրկարարական և վերականգնողական աշխատանքներ։
Զոհերից 20-ն էլ Հնդկաստանի հյուսիսային այլ նահանգներում են։
Հյուսիսային նահանգների լեռնային շրջաններում ճանապարհների հեղեղումների պատճառով խաթարվել է ավտոտրանսպորտի երթևեկությունը, ինչի հետևանքով նախկինի նման լեռներում արգելափակված են մոտ 300 զբոսաշրջիկներ։
Սաստիկ անձրևները հանգեցրել են այն բանին, որ հուլիսի 11-ին Դելիում Յամունա գետի ջրի մակարդակը գերազանցել է վտանգավոր շեմը և հասել վերջին տասը տարվա ընթացքում ամենաբարձր նշագծին: Ըստ որում, դա քաղաքում լուրջ ավերածությունների չի հանգեցրել։ Հուլիսի 9-ին Նյու Դելիում գրանցվել է օրական տեղումների` 40 տարվա առավելագույն ցուցանիշը` 153 մմ: Դելիում անձրևների հետևանքով 5 մարդ է զոհվել տարբեր միջադեպերի պատճառով:
Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում հորդառատ տեղումներն սկսվել են հուլիսի 8-ին․ դրանք առաջացել են երկու գործոնների՝ մուսոնային անձրևների և Միջերկրական ծովի տարածաշրջանից խոնավ օդային զանգվածների ներհոսքի համակցությամբ: