Բաժիններ՝

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro-ն՝ երիտասարդ ռեժիսորների զարգացման հարթակ. ծրագրին մասնակցում է 17 նախագիծ

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արտադրական հարթակը՝ GAIFF Pro-ն, որը 2023-ին հյուրընկալել է սկսնակ կինոգործիչների նոր նախագծեր Արևմտյան Ասիայի տարածաշրջանից, հերթական անգամ փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու յուրօրինակ հարթակ կդառնա մասնակիցներից յուրաքանչյուրի համար:

Հարթակի մեկնարկն ազդարարվեց հուլիսի 11-ին՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում GAIFF Pro ծրագրերի ղեկավար Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանն ընդգծեց, որ ընտրվել է 17 նախագիծ. 12-ը զարգացման փուլում է, հինգը՝ աշխատանքային:

«Բոլոր մասնակիցների համար կազմակերպվում են հանդիպումներ, աշխատարաններ, որտեղ նրանց հնարավորություն է ընձեռվում սովորել, նոր հմտություններ ձեռք բերել կինոինդուստրիայի մեծանուն ներկայացուցիչներից: Նրանց տրվում է «փիչինգ» հարթակ, որտեղ մասնակիցները ներկայացնում են իրենց նախագծերը»,-ասաց նա:

Խոսելով զարգացման և աշխատանքային փուլում գտնվող նախագծերի մասին՝ Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը տեղեկացրեց, որ դրանք ընտրել է անկախ ժյուրին: Նախագծերը գնահատվել են՝ հաշվի առնելով մի քանի չափանիշներ: «Բաղադրիչներից մեկը տեսլականն է, թե ինչպես են աշխատում ռեժիսորն ու պրոդյուսերը, մյուսը ստեղծագործական թիմի ամրությունն է, թե որքանով են վստահ, որ նրանք նախագիծը կվերածեն ֆիլմի, գնահատվել են նաև պատմությունները, սցենարի ռիթմը»,-ասաց ծրագրի ղեկավարն ու հավելեց՝ անկախ ժյուրիի անդամները բարձրակարգ մասնագետներ են, որոնցից երկուսը նաև աշխատարան են վարելու:

Ծրագրի ղեկավարը հիշեցրեց, որ փառատոնի շրջանակում 2009 թվականից գործել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որը հաջողել է, իսկ 2018 թվականից անցկացվում է GAIFF Pro-ն, որը տարեցտարի ընդլայնում է շրջանակները:

«GAIFF Pro-ի չորս նախագիծ, որոնք վերածվել են ֆիլմերի, այս տարի ցուցադրվելու են «Ոսկե ծիրան»-ի ընթացքում: Հարթակի այս տարվա մասնակիցները հնարավորություն են ունենալու հանդիպել նախագծերի հեղինակների հետ, որոնք դժվարությունների միջով են անցել, բայց իրագործել են իրենց ֆիլմերը»,-եզրափակեց Նարե-Լեոնե Տեր-Գաբրիելյանը:

«Ոսկե ծիրան»-ի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանն էլ շեշտեց՝ իրենց համար շատ կարևոր է եղել GAIFF Pro արտադրական հարթակի ստեղծումը, որովհետև հարթակը, թրեյնինգները, կրթությունը, երիտասարդ ռեժիսորների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները «Ոսկե ծիրան»-ի և առհասարակ յուրաքանչյուր փառատոնի կարևորագույն առաքելությունն են:

Նա շնորհավորեց բոլոր մասնակիցներին ու ընդգծեց՝ եթե նախագծերից որևէ մեկը ժամանակի ընթացքում վերածվի կինոնկարի, դա կդառնա նաև փառատոնի կարևորագույն հաջողություններից մեկը:

Արտադրական հարթակի հատուկ հյուրերից և ժյուրիի անդամներից են Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր Ռոն Դայենսը (վերջինիս տասնյակից ավելի ֆիլմեր եղել են Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Անսիի ծրագրերում), աշխարհում արտհաուս ֆիլմերի վաճառքով զբաղվող ALPHA VIOLET ընկերության համահիմնադիրը և գործադիր տնօրեն Կեյկո Ֆունատոն: Հյուրերի թվում են նաև բրիտանացի պրոդյուսեր Դեյվիդ Պ. Քելլին (նրա ֆիլմերի շարքում են՝ «Ջերեմի Թոմասի փոթորիկները», որ կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, ռեժիսոր Ակի Կաուրիզմակիի «Ես վարձել եմ պայմանագրային մարդասպանի»), ֆրանսիական կինոֆոնդի՝ CNC-ի համագործակցության, համատեղ արտադրության և ֆրանկոֆոնիայի ծրագրի ղեկավար Նոեմի Կանը։

GAIFF Pro-ն նաև ուրախ է ներկայացնել բազմակի մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի ռեժիսոր և B2B Doc-ի տաղանդների ղեկավար Անաստասիա Կիրիլլովային, Սոֆիայի կինոփառատոնի և Art Fest Ltd-ի գործադիր տնօրեն և Sofia Meetings-ի գեղարվեստական ղեկավար Միրա Ստալևային, ինչպես նաև Close-Up Initiative-ի հիմնադիր և տնօրեն Սիգալ Յեհուդան։

GAIFF Pro Industry Platform-ը տեղի կունենա հուլիսի 10-14-ը: Այս տարի արտադրական հարթակը գործում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությամբ և հյուրընկալվում է Creative Armenia-ի հետ համատեղ և աջակցվում Artbox նախագծի կողմից։ Artbox նախագիծը ստեղծարար ինկուբատոր է, որը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ՝ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:

GAIFF Pro-ն առաջին անգամ կներկայացնի նաև Short Cuts Nest-ը՝ հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի շուկան։ Շուկայի նպատակն է մեծացնել կարճամետրաժ ֆիլմերի կարևորությունը միջազգային կինոարտադրության ոլորտում և խթանել երիտասարդ հեղինակների և արվեստագետների առաջխաղացումը: Ընտրված 5 նախագծերի թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքները ֆիլմի ոլորտի մասնագետներին և ժյուրիի անդամներին և կպայքարեն Կինոտեքի կողմից տրվող նկարահանման տեխնիկայի ամբողջական փաթեթի մրցանակի համար:

Երկրորդ տարին անընդմեջ GAIFF Pro արտադրական հարթակը կհյուրընկալի կինոքննադատ Լեոնարդո Գոյին, որը կղեկավարի ընտրված կինոքննադատների համար հատուկ մշակված GAIFF Pro Critics Campus-ը: Գոյը, որը սյունակագիր է MUBI Notebook-ում, ղեկավարում է եվրոպական մի քանի այլ հայտնի կինոքննադատության ակադեմիաներ, այդ թվում՝ Berlinale Talent Press-ը: Աշխատարանի ժամանակ ստեղծված լավագույն հոդվածները կհրապարակվեն «Ոսկե ծիրան» օրաթերթում, որը կբաժանվի փառատոնի մասնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս