Բաժիններ՝

Հնդկաստանի հյուսիսում հեղեղումների զոհերի թիվն անցել է 40-ից

Հնդկաստանի հյուսիսում առնվազն 41 մարդ է զոհվել չորս օր անընդմեջ շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է The Times of India թերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։ Հնդկաստանի հյուսիս-արևելյան շրջաններում հորդառատ տեղումներն առաջացել են երկու գործոնների՝ մուսոնային անձրևների և Միջերկրական ծովի տարածաշրջանից խոնավ օդային զանգվածների ներհոսքի համակցությամբ: Տեղատարափ անձրևներից տուժել են Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, Հիմաչալ Պրադեշի, Ուտարակհանդի, Փենջաբի, Հարյանայի, Ռաջաստանի նահանգները, Ջամմու և Քաշմիրի միութենական տարածքը:

Ամենադժվար իրավիճակն ստեղծվել է Հիմալայների նախալեռներում, որտեղ հորդառատ անձրևները բազմաթիվ սողանքների պատճառ են դարձել, տեղի գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել բազմաթիվ բնակավայրեր։ Հյուսիսային նահանգների լեռնային շրջաններում ավտոտրանսպորտի երթևեկությունը խաթարվել է ճանապարհների հեղեղումների պատճառով, ինչի հետևանքով հարյուրավոր զբոսաշրջիկներ արգելափակվել են լեռներում։

Դելիի Յամունա գետի մակարդակը գերազանցել է 206 մետր նշագիծը, որի դեպքում տարհանումներ պետք է կատարվեն։ Ըստ իշխանությունների՝ հնարավոր հեղեղումների հատվածներից մարդկանց տեղափոխել են ավելի անվտանգ վայրեր։ Քաղաքի իշխանությունները կարծում են, որ լայնածավալ ավերածությունների սպառնալիք չկա, բայց միևնույն ժամանակ բնակիչներին կոչ են արել «լինել զգոն և ուշադրությամբ հետևել իրավիճակին»։

Մայրաքաղաք Նյու Դելիում հուլիսի 9-ին գրանցվել է 40 տարվա ընթացքում տեղումների օրական առավելագույն քանակը՝ 153 մմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս