Երևանում դիմակավորված անձինք կապել են տանտերերի ձեռքերն ու հափշտակել խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր
Երկու անհայտ անձ՝ դիմակավորված, 2023 թվականի հուլիսի 10-ին ժամը 23:00-ի սահմաններում ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։ Ապա տանտիրոջը պատկանող Տոյոտա մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:
Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի և կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաև՝ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ: Ամուսինները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում: Հետագա քննչական և վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած անձանց, ինչպես նաև հափշտակված նյութական միջոցները հայտնաբերելու ուղղությամբ։ Այդ նպատակով հետաքննության մարմնին տրվել է հանձնարարություն։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: