ՀՀ ՆԳ նախարարությունը և Փաստաբանների պալատը համատեղ հայտարարություն են տարածել
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանին և ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանին։
Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը ներկա էին ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը, ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաղինակ Մարտիրոսյանը։
Հանդիպման ավարտին ընդունվել է համատեղ հայտարարություն, որը ներկայացվում է ստորև.
«Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը, քննարկելով Ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու և Կենտրոնական բաժիններում 2023 թ. փետրվարին և հունիսին արձանագրված ոստիկանների և փաստաբանների հետ կապված միջադեպերը, հայտարարում են՝
1. Կողմերը կարևորում են փաստաբանության և ոստիկանության ինստիտուտների դերակատարումը Հայաստանի իրավական համակարգում:
2. Կողմերն անընդունելի են համարում բռնությունների ցանկացած դրսևորում:
3. Ներքին գործերի նախարարությունը ծառայողական քննությունների արդյունքներով իր գնահատականը տվել է Էրեբունու բաժնում տեղի ունեցած միջադեպին, իսկ Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպը գտնվում է ծառայողական քննության ընթացքում:
4. Ներքին գործերի նախարարությունը հավաստիացնում է, որ միջադեպերին ներգրավված ոստիկանության ծառայողների արարքներին կտրվի պատշաճ իրավական գնահատական՝ ապահովելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրություն.
5. Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը կստեղծեն ոստիկանության ծառայողներից և փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ նման իրավիճակներում օպերատիվ արձագանքելու, փոխադարձ քննարկումներ, վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողների և փաստաբանների վարքագծի հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:
6․ Ներքին գործերի նախարարությունը և Փաստաբանների պալատը մոտ օրերս կստորագրեն համագործակցության հուշագիր»: