Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Լիտվիայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որին արդեն ժամանել են դաշինքի մի շարք անդամ երկրների ղեկավարները։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

ՆԱՏՕ-ի անդամ 31 երկրների քննարկման հիմնական թեման է լինելու Ուկրաինան, որը ցանկանում է դառնալ դաշինքի անդամ, սակայն չի կարող դա անել, քանի դեռ երկրում շարունակվում են Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները։

Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ դաշնակիցներն Ուկրաինային հստակ, դրական ուղերձ կհղեն՝ կապված դաշինքին անդամակցության հետ։ Նա շեշտել է, որ ինչ-որ պահի Ուկրաինան դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ։

Իր հերթին գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է անվտանգության երաշխիքներ ՆԱՏՕ-ի 31 անդամներից՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ վերջնական նպատակը դաշինքի անդամ դառնալն է։

Հուլիսի 12-ին նախատեսված է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը:

Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ նաև հայտարարվեց, որ Թուրքիան կհաստատի ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը։

Տեսանյութեր

Լրահոս