Բայդենը գտնում է, որ ՆԱՏՕ-ին Կիևի արագ անդամակցությունը կարող է հանգեցնել ՌԴ-ի հետ պատերազմի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է հանգեցնել դաշինքի պատերազմի Ռուսաստանի հետ։ Այս մասին Լիտվայում կայացած ճեպազրույցում ասել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

«Վաղը տեղի կունենա ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի առաջին նիստը: Դաշնակիցները կհամաձայնեցնեն Ուկրաինային աջակցությունն ուժեղացնելու միջոցառումների նոր փաթեթը: Կդիտարկվեն Ուկրաինայի երկարաժամկետ կարիքները և կընդլայնվեն ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի փոխգործունակությունն ապահովելու ծրագրերը: Դաշնակիցները նաև կքննարկեն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի ապագա անդամակցության ուղին: Ինչպես նշել է նախագահ Բայդենը, Ուկրաինան այժմ Վիլնյուսում դաշինքի կազմ ընդունելը կհանգեցնի ՆԱՏՕ-ի պատերազմի Ռուսաստանի հետ: Բացի այդ, Ուկրաինան դեռևս մի քանի քայլ ունի անելու բարեփոխումների ճանապարհին: Սակայն դաշնակիցները միացյալ դրական ազդակ կուղարկեն Ուկրաինայի՝ դաշինքին ապագա անդամակցության ուղու վերաբերյալ», – ասել է նա։

Սալիվանը նաև հայտնել է, որ հուլիսի 12-ին Ջո Բայդենը հանդիպում կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կքննարկի Վաշինգտոնի և նրա դաշնակիցների երկարաժամկետ աջակցությունը Կիևին։

Տեսանյութեր

Լրահոս