Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի դասասենյակն արդեն կրում է սեպտեմբերյան պատերազմի հերոս Գրիգոր Գևորգյանի անունը
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբյուր գյուղի Կարինե Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցի դասասենյակներից մեկն այսուհետ կրում է նույն դպրոցի շրջանավարտ, 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի հերոս Գրիգոր Գևորգյանի անունը։
Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Գրիգոր Գևորգյանի անվան դասասենյակի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետարանի և Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցներ, Խաչաղբյուր գյուղի վարչական ղեկավար Սերգո Գալստյանը, Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի ուսուցիչներ և աշակերտներ, Գրիգոր Գևորգյանի ծնողներն ու հարազատները։
Դասասենյակի բացման պատիվը վերապահվել է հերոսի ծնողներին՝ Հակոբ և Լիանա Գևորգյաններին։ Օրհնության կարգ է կատարել Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածքի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանը։ Գևորգ Գրիգորյանի մարտական սխրանքի մասին խոսել են Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Աննա Դանիելյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Գևորգյանը, Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։
Հերոսի կյանքի, մարտական ուղու մասին պատմել և ասմունքով ու երգերով հանդես են եկել Խաչաղբյուրի միջնակարգ դպրոցի աշակերտները։
«Դասասենյակի բացման արարողությունը տեղի ունեցավ Գրիգոր Գևորգյանի ծննդյան օրը՝ հուլիսի 9-ին։ Այսօր նա կդառնար 21 տարեկան:Գրիգոր Գևորգյանը ծնվել է 2002 թվականին՝ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում։ 2008-2020 թվականներին նա սովորել է հայրենի գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոցում։ Շատ խելացի, ուշիմ, ջանասեր աշակերտ էր։ 2016 թվականից խաղացել է Գանձասարի ֆուտբոլային ակումբում՝ որպես դարպասապահ։ 2021թվականի մարտի 2-ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության՝ այն անցկացնելով Գորիսի զորամասում։ Գրիգորն անմահացավ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ պահպանելով Խոզանավար գյուղի դիրքերը։ Նա զոհասեղանին դրեց իր ծաղկուն կյանքը, որպեսզի ապրի հայրենիքը, որպեսզի ապրեն հայ սերունդները։ Նրա անունն այսուհետ ապրելու է մեր սրտերում, դասասենյակի անվանատախտակին, գալիք սերունդների հուշերում։ Գրիգորի անունը կլինի հայրենասիրության վառ օրինակ, նրա թողած գործերով կոգեշնչվեն մեր աշակերտները»,-ասաց դպրոցի տնօրեն Աննա Դանիելյանը։
Դասասենյակի վերանորոգումը իրականացվել է հերոսի հարազատների նախաձեռնությամբ և աջակցությամբ։
Խոսրով Խլղաթյան