Բաժիններ՝

Սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դասակի հրամանատարը մարտի պայմաններում թողել է մարտական հենակետը և նահանջել. դատախազը գործն ուղարկել է դատարան

Ադրբեջանի՝ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ, հրամանատարը, ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ միայնակ թողել է հենակետը: Դեպքի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը:

«Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի 2022 թվականի սեպտեմբերի 6-ի N հրամանի համաձայն՝ զորամասի N հրաձգային գումարտակի անձնակազմը մարտական հերթապահության է ընդգրկվել Սյունիքի մարզի Ճակատեն – Շիկահող – Ծավ – Ներքին Հանդ հատվածի պետական սահմանի պահպանության հատվածում: Նշված հրամանի համաձայն` նույն գումարտակի N հրաձգային վաշտի N դասակի հրամանատար Հ.Մ.-ն նշանակվել է մարտական հենակետերի ավագ և ծառայությունն իրականացրել N մարտական դիրքում:

2022 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 00։05-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները հարձակում են գործել մարտական դիրքերի ուղղությամբ:

Մարտի ժամանակ Հ.Մ.-ն, խախտելով մարտական հերթապահություն կրելու կանոնները, պատշաճ կերպով չի իրականացրել իր պարտականությունները և, առանց մարտ վարելու, վերադասությանը զեկուցելու, ենթականերին իրադրության մասին տեղեկացնելու՝ միայնակ թողել է մարտական հենակետը: Իր ղեկավարման տակ գտնվող մարտական դիրքեր տեղափոխվելու և իր պարտականությունները կատարելու փոխարեն՝ Հ.Մ.-ն ժամը 01:00-ի սահմաններում, առանց ավագ պետի թույլտվության, նահանջել է Ներքին Հանդ գյուղ»,- ասված է հաղորդագրության մեջ:

2023 թվականի հունիսի 20-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 6-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը)։

2023 թվականի հուլիսի 6-ին դատախազը քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս