![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդկաստանի հյուսիսում 15 մարդու կյանք խլած հեղեղների պատճառով Նյու Դելիում փակվել են դպրոցները
![](https://168.am/wp-content/uploads/2023/07/1115064.jpg)
Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում մուսոնային անձրևների պատճառով փակվել են դպրոցները։ Անձրևներից երկրի հյուսիսում սողանքներ ու հեղեղումներ են առաջացել, ինչի հետևանքով վերջին երեք օրվա ընթացքում մահացել է առնվազն 15 մարդ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Հանգստյան օրերին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Նյու Դելիի որոշ հատվածներ հեղեղվել են, ճանապարհներն անցել են ջրի տակ և արգելափակել բնակիչներին:
Անձրևների հետևանքով առաջացած սողանքները խաթարել են Ուտարակհանդ նահանգի հիմնական մայրուղիների երթևեկությունը, բնակիչներին հորդորել են առանց խիստ անհրաժեշտություն դուրս չգալ տնից: Հարևան Հիմաչալ Պրադեշ նահանգում ջուրը քշել-տարել է կամուրջներն ու տները, իշխանությունները մարդկանց փրկելու համար ուղղաթիռներ են օգտագործել:
Հնդկաստանի օդերևութաբանական գործակալությունը առաջիկա օրերին երկրի հյուսիսում կանխատեսել է ավելի շատ հորդառատ անձրևներ: Նշվում է, որ ամբողջ երկրում մուսոնային անձրևներն արդեն բերել են նորմայից մոտ 2%-ով ավելի շատ տեղումներ:
Հարևան Պակիստանում, որտեղ նույնպես մուսոնային անձրևներ են լինում, մեծ աչալրջությամբ սպասում են հնարավոր ջրհեղեղների՝ հատկապես այն բանից հետո, երբ Հնդկաստանը ամբարտակների ջրերը բաց է թողել Ռավի գետ, որը հոսում է Պակիստան։ Ըստ Պակիստանի աղետների կառավարման գործակալության՝ Փենջաբի նահանգի ցածրադիր վայրերից մարդկանց տարհանումներ են իրականացվում։