Այցելությունների դինամիկան այսպես պահպանելու դեպքում տարեվերջին կունենանք 2 մլն այցելություն. Զբոսաշրջության կոմիտեի սպասումները
Հայաստան ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արդեն այցելել է 1 մլն զբոսաշրջիկ։ Այս ցուցանիշը 30 տոկոսով ավելին է նախաքովիդյան ժամանակաշրջանի՝ 2019 թվականի առաջին կիսամյակի համեմատ։ Հայաստան ամենաշատ այցելությունները եղել են Ռուսաստանից՝ 52 տոկոս, Վրաստանից՝ 11 տոկոս, Իրանից՝ 6 տոկոս։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը տարբեր ուղղություններով տարվող աշխատանքի արդյունք է։ Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունենում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, Զբոսաշրջության կոմիտեն աշխատում է ավիաընկերությունների հետ, կազմակերպում է լրագրողների, բլոգերների այցեր Հայաստան, միջազգային մեդիա հարթակներում, սոցիալական ցանցերում ապահովում է Հայաստանի մասին պատմող նյութերով։
«Մենք աշխատում ենք ամենատարբեր ուղղություններով։ Մեր ուշադրության առանցքում են եվրոպական, արաբական երկրները։ Ակտիվ աշխատում ենք Իտալիայի, Ֆրանսիայի հետ։ Առաջիկայում մասնակցելու ենք Ֆրանսիայում կայանալիք միջազգային ցուցահանդեսին։ Հիմա գտնվում ենք զբոսաշրջիկային սեզոնի ակտիվ փուլում, այցելությունների դինամիկան այսպես պահպանվելու դեպքում ակնկալում ենք, որ տարվա վերջին 2 մլն այցելություն կունենանք»,-ասաց Սիսիան Պօղոսեանը։
Որոշ եվրոպական երկրներ Հայաստանը չեն դիտարկում անվտանգ երկիր և խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելություն կազմակերպել այդ ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի համապատասխան կառույցների կողմից։ Սիսիան Պօղոսեանը տեղեկացրեց, որ ԱԳՆ-ի հետ աշխատում են այդ ուղղությամբ, հանդիպումներ են անցկացնում նաև դեսպանությունների հետ։
«Արդեն կամաց-կամաց փոփոխություններ տեսնում ենք, որպես օրինակ՝ ներկայացնեմ Գերմանիան։ Իրենց կայքում արդեն փոխել են մոտեցումը, բայց դեռ ունենք այլ եվրոպական երկրներ, որտեղ այդ խնդիրը կա և աշխատում ենք այդ ուղղությամբ»,-հավելեց Սիսիան Պօղոսեանը