
Շենքերի տանիքներին այլևս ոչ մի շինություն չպետք է կառուցվի. Ավինյան

Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին:
«Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։
Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս չպետք է կառուցվի, քանի որ դրանք կարող են վթարային իրավիճակներ ստեղծել բոլոր այն շենքերի համար, որոնք նոր չեն:
«Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ շինթույլտվություն արդեն տրված է, կարծում եմ պետք է հարցը քննարկենք և հասկանանք, որովհետև ես վստահ չեմ, որ նոր կառուցվող մանսարդները վթարային իրավիճակներ չեն ստեղծում այն շենքերի համար, որոնք նոր չեն, հետևապես պետք է դիտարկենք նաև դրանց չեղարկման հարցը»,- ասաց քաղաքապետի տեղակալը: