Հնդկաստանում ընտրությունների ընթացքում բախումների զոհերի թիվը հասել է 20-ի
։ Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգի գյուղական համայնքներում հուլիսի 8-ին անցկացվել են տեղական մարմինների ընտրություններ, որոնց ընթացքում լուրջ բախումներ են տեղի ունեցել։ Բռնություններն ուղեկցվել են ռումբերի պայթեցմամբ և հրաձգություններով։ Ինչպես տեղեկանում ենք հնդկական անգլիալեզու The Pioneer պարբերականից, բախումների զոհերի թիվը հասել է 20-ի։
Ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին։ Շուրջ 350 մարդ վիրավորվել է։
Բացի քաղաքական ակտիվիստների վրա հարձակումներից, ըստ Times of India-ի հրապարակման, նահանգում տեղի են ունեցել ընտրությունների հետ կապված այլ իրավախախտումներ, այդ թվում՝ հարձակումներ ընտրատեղամասերի վրա և դրանց աշխատանքի արգելափակում, քվեատուփերի առևանգում։
Իր հերթին Hindustan Times-ը հաղորդում է, որ զոհերի թիվը հասել է 37-ի։ Պարբերականը նշում է, որ նահանգի ընտրական հանձնաժողովը չի կարողացել ապահովել ընտրությունների հարթ ընթացքը և դեմ է եղել լրացուցիչ ուժեր տեղակայելու գաղափարին։ Ընդդիմադիր կուսակցություններից մեկի ղեկավարի միջնորդությամբ դատարանը հունիսի 15-ին կարգադրել էր ոստիկանական զինված ուժերի լրացուցիչ 822 վաշտ տեղակայել 22 շրջաններում, սակայն Արևմտյան Բենգալիայի նահանգ ժամանակին հասել է միայն 649 վաշտ։