Աշոտյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով շատ լավ է տիրապետում Արցախյան բանակցությունների նրբություններին. նրա խոսելը մեծ վտանգ է ներկայացնում իշխանությունների կեղծ ու մանիպուլյատիվ թեզերի համար. Գագիկ Համբարյան
«Արմեն Աշոտյանը, բնականաբար, քաղբանտարկյալ է. նրա կալանավորումն ունի մի քանի նպատակներ: Նախ՝ Արմեն Աշոտյանը համարվում է ամենաակտիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը, և ինձ թվում է՝ նրան կալանավորելու համար իշխանությունները շատ մեծ աշխատանք են կատարել՝ սարքելով այդ գործը»,- 168.am-ի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանավորման պատճառների մասին խոսելով՝ ասաց գյումրեցի քաղաքագետ, Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը:
Վերջինս նկատեց՝ Արմեն Աշոտյանի գործը կրկնակի ստանդարտներով առաջնորդվելու դասական օրինակ է:
«Նույն գործող իշխանություններն ուղղակիորեն աչք են փակում Շիրակի պետհամալսարանի նախկին հոգաբարձուների խորհրդի նախագահի և նախկին ռեկտորի բացահայտ անօրինականությունների վրա, իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵրՊԲՀ) պարագայում կետ առ կետ ուսումնասիրել են, որ հասկանան՝ ինչ կարելի է սարքել Արմեն Աշոտյանի գլխին»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս գործընթացը բավական երկար ժամանակ գնում էր. նախկինում էլ կալանավորման հիմքերը թույլ էին, իսկ հիմա ինչ-որ ձայնագրությունների միջոցով են փորձել ինչ-որ բան գտնել ու կալանավորել Արմեն Աշոտյանին:
«Այն ձայնագրությունը, որն իրենք ունեն իրենց ձեռքի տակ, և որը, ըստ տարբեր տեղեկությունների՝ այս տարվա փետրվար-մարտ ամիսներին է կատարվել, եթե վաղուց ունենային, վաղուց կկալանավորեին, որովհետև այնպես չէ, որ Արմեն Աշոտյանը հիմա նոր է բացահայտում այս իշխանությունների խայտառակ կեցվածքը, ստերը, կեղծիքներն ու մանիպուլյացիաները»,- ասաց Գագիկ Համբարյանը:
Նա նշեց նաև, որ երկար ժամանակ զբաղեցնելով տարբեր պաշտոններ, այդ թվում՝ լինելով Ազգային ժողովի պատգամավոր, նա շատ լավ տեղեկացված է մեր արտաքին քաղաքականության ու խորհրդարանական դիվանագիտության նրբություններից, և հատկապես կատարելապես տիրապետում է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ տեղի ունեցած ու ունեցող բոլոր գործընթացներին ու բանակցությունների նրբություններին:
«Կրկնում եմ՝ Արմեն Աշոտյանն այն եզակի քաղաքական գործիչներից է, ով շատ լավ է տիրապետում Արցախի հարցով բանակցությունների գործընթացին, մեր արտաքին քաղաքականությանը, և այն եզակի նախկին գործիչներից, ով համարձակվում է նման կերպով սուր քննադատության ենթարկել այս իշխանություններին: Նրա խոսելը մեծ վտանգ է ներկայացնում գործող իշխանությունների ու նրանց կեղծ ու մանիպուլյատիվ թեզերի համար, որովհետև գործող իշխանությունները փորձում են Արցախի շուրջ տեղի ունեցած գործընթացների մեջ, հատկապես 44-օրյա խայտառակ պատերազմից հետո, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Իրենց ապուշ ու պրիմիտիվ թեզերը, թե «նախկիններն էին ծախել Արցախը, էս գործող հարիֆն ի՞նչ պետք է աներ», Արմեն Աշոտյանը ուղղակիորեն քարուքանդ է անում՝ շատ մանրակրկիտ ու, ամենակարևորը, շատ մատչելի հանրությանը ներկայացնելով նախկինում տեղի ունեցած իրական գործընթացների ու բանակցությունների վերաբերյալ մանրամասները, ինչը, իհարկե, այս իշխանությունների համար շատ անընդունելի է: Իսկ Արմեն Աշոտյանը և նաև նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հաջողությամբ բացահայտում են սրանց ստերը՝ կապված մինչև 2018թ. մայիսն Արցախյան հիմնախնդրի հարցով ընթացած բանակցությունների հետ»,- ասաց գյումրեցի քաղաքագետը:
Ըստ նրա՝ հենց սա էր հիմնական պատճառը, որ Արմեն Աշոտյանին այս իշխանությունները պետք է պարտադիր «փակեին», ինչն էլ հաջողությամբ կատարել են:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք գործող դատական համակարգի պայմաններում հուսալ, որ Արմեն Աշոտյանը ազատ կարձակվի, Գագիկ Համբարյանը պատասխանեց՝ հատկապես Գրիգոր Մինասյան-Կարեն Անդրեասյան համահունչ գործող տանդեմի պարագայում դատական համակարգը Հայաստանում ուղղակի խայտառակ մակարդակի է հասցված:
«Բայց Նարեկ Մալյանի վճռից հետո հույս ունեմ՝ Հայաստանի դատական համակարգում կան դեռ բարոյական, ամուր հիմքեր ունեցող, կեղտոտ անցյալ չունեցող դատավորներ, որոնց գործող իշխանությունը չի կարողանա ծնկի բերել ու ինչ-ինչ մեթոդներով պարտադրել կատարել իրենց քաղաքական պատվերը, չնայած համոզված եմ՝ Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անելու են, որ Արմեն Աշոտյանը դուրս չգա կալանավայրից»,- ասաց քաղաքագետը: