44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանում տասնյակ կյանքեր փրկած բրիտանացի բժիշկը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած այցի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությունում բժիշկ Սթիվեն Լեոնարդ Ալեքսանդր Ջեֆերիին հանձնել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալը՝ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների և մարդասիրական անխոնջ գործունեության համար։ Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
44-օրյա պատերազմի ժամանակ բժիշկ Ջեֆերին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով եկել էր Հայաստան և 16 օր շարունակ հայաստանյան տարբեր հիվանդանոցներում հայ բժիշկների հետ իրականացրել բարդ վիրահատություններ՝ փրկելով տասնյակ կյանքեր։