
Վրաստանում ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականների մասնակցությամբ միջգերատեսչական զորավարժություններ են անցկացվել

Վրաստանում անցկացվել են «գործընկեր-2023» միջգերատեսչական զորավարժությունները, որոնց միացել են ԱՄՆ-ի և Լիտվայի զինվորականները: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունների նպատակը արտակարգ դրության և ճգնաժամային իրավիճակների ժամանակ միջգերատեսչական գործողությունների կատարելագործումն էր: Զորավարժությունները ցույց տվեցին, թե որքան կարևոր է միջգերատեսչական համակարգման պայմաններում նպատակին հասնելը»,-Վրաստանի պաշտպանության նախարարության Ազգային գվարդիայի ներկայացուցիչ, գնդապետ Կոբա Մուրուսիձեի խոսքը մեջբերում է Վրաստանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Զորավարժություններին մասնակցել են նաև Վրաստանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, առողջապահության նախարարության և ենթակառուցվածքների նախարարության հատուկ գործողությունների ուժերի ներկայացուցիչները: Սցենարը ենթադրում էր համաճարակի կառավարման գործողությունների իրականացում, հրդեհի օջախների մարում, ինչպես նաև դիվերսիոն խմբերի հայտնաբերում և չեզոքացում: Զորավարժություններն անցկացվել են 3 փուլով: