ԱԱԾ-ն քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ օտարերկրյա կեղծ փաստաթղթեր պատրաստելու խարդախության սխեմային մասնակից լինելուց

ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը։

Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 տարի ժամկետով ԱՄՆ մուտքի արտոնագիր՝ առանց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն այցելելու և հարցազրույցի մասնակցելու: Նույն տելեգրամյան ալիքում նշված է նաև, որ 11000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պատրաստում և տրամադրում են Իսպանիայի Թագավորության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացիների անձնագրեր, միջազգային վարորդական իրավունքի վկայական և նույնականացման քարտ, իսկ 12000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացու անձնագիր, վարորդական իրավունքի վկայական և սոցիալական քարտ:

Պարզվել է, որ «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքի վարողը կանադական անձնագիր պատրաստելու համար որպես կանխավճար պահանջում է գումարի 50 տոկոսին համարժեք կրիպտոարժույթ, որից հետո պատվիրատուն տելեգրամյան ալիքին պետք է փոխանցի 3×4 չափի լուսանկար, հայկական անձնագրի լուսանկար, ինչպես նաև ձևաթղթի վրա կապույտ թանաքով դրոշմված մատնահետքերի լուսանկար:

Տելեգրամյան ալիքում նշված է, որ իրենք օգտատերերի հետ չեն հանդիպում, հեռախոսահամար չեն տրամադրում և աշխատում են միայն փոստային ծառայությունների միջոցով, իսկ քաղաքացիների վստահությունը ձեռք բերելու նպատակով, տելեգրամյան ալիքում հրապարակված են օտարազգի անձանց տվյալներով փաստաթղթերի նմուշներ, որոնք իբրև թե իրենց կատարած աշխատանքներն են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ տելեգրամյան ալիքում հրապարակված փաստաթղթերը պատրաստված են համացանցից ներբեռնված ֆայլերի միջոցով: Հատկանշական է, որ պաշտոնական եղանակով անձնագիր ստանալու համար պահանջվում է ներկայացնել 3.5×4.5 չափի լուսանկարներ, ինչը ակնհայտ վկայում է տելեգրամյան ալիքի վարողի կողմից կեղծ փաստաթղթերի պատրաստման և խաբեությամբ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գումարներ հափշտակելու մասին:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բացի «ArmSecretShop» անվամբ տելեգրամյան ալիքից, կան նաև «Diplomatic passport», «passport sale», «Passport, drivers license ID card for sale» և «Паспорт России» ալիքներ ևս, որտեղ նույնպես տեղադրված են կեղծ անձնագրեր և այլ փաստաթղթեր պատրաստելու վերաբերյալ նույնաբովանդակ հայտարարություններ:

Վերոնշյալը, ինչպես նաև գործընթացի իրականացման գրեթե անվերահսկելի տիրույթը, փաստաթղթերի առաքման և ծառայությունների համար վճարման եղանակը հիմք են տալիս հիմնավոր կասկածներ ունենալ գործընթացի զեղծարար լինելու մասին, որը իր մեջ պարունակում է խաբեությամբ քաղաքացիներից գումար հափշտակելու խարդախ մեխանիզմ:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը քաղաքացիներին կոչ է անում խուսափել և զերծ մնալ նմանատիպ խարդախության սխեմային մասնակցություն ունենալու գայթակղությունից, անօրինական գործարքներից, ինչպես նաև դրանց արդյունքում հնարավոր ֆինանսական կորուստներ կրելուց, իսկ հանցավոր սխեմայի արդյունքում արդեն իսկ տուժած քաղաքացիներին՝ դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել ՀՀ ԱԱԾ թեժ գիծ՝ 1-91 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս