Եվրոպայի խորհրդի պաշտոնյաներին ներկայացվել է Հայաստանի արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը

Հայաստանի արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը և ՀՀ արտաքին գործերի նախարարության ԵԽ բաժնի երկրորդ քարտուղար Գոռ Եդիգարյանը: Կարեն Կարապետյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ԵԽ կողմից Արդարադատության նախարարության լայնածավալ բարեփոխումների օրակարգին ցուցաբերված շարունակական աջակցության համար:

Փոխնախարարն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել բարեփոխումների օրակարգում և անդրադարձել է դրա բոլոր ուղղություններին: Քննարկվել են ԵԽ կողմից ներկայումս իրականացվող ծրագրերի ընթացքը և դրանց շրջանակներում գրանցված ձեռքբերումները, այդ թվում դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների բարեփոխումների օրակարգերի շրջանակներում: Կողմերը կարևորվել են ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումը:

Նախարարի տեղակալն ընդգծել է արդարադատության նախարարության, ԵԽ մարմինների և կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Այս ենթատեքստում քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումների շրջանակում:

Անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների կատարման առաջընթացին, որի արդյունքում Հայաստանը դուրս է եկել անհամապատասխանության գործընթացից:

Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՄԻԵԴ վճիռների ամբողջական կատարումն ապահովելու և մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետությանն ուղղված Կառավարության քայլերը: Քննարկվել են ՄԻԵԴ վճիռների հիման վրա հարուցված կարգապահական վարույթների ընթացքը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները՝ կենսաբժշկության և մարդու իրավունքների, կիբեռհանցագործության վերաբերյալ միջազգային իրավական գործիքների ընդունմանն ուղղված ներպետական ընթացակագերը:

Անդրադարձ է կատարվել նաև հունիսին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակներում կայացած բարձր մակարդակի հանդիպումներին և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ համագործակցության շրջանակներն ընդլայնելու վերաբերյալ:

ԵԽ ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ կառավարության և Արդարադատության նախարարության կատարած աշխատանքը՝ մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ և վստահություն հայտնել, որ ԵԽ հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում ընթացող բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական ինստիտուտների զարգացման գործում։

Տեսանյութեր

Լրահոս