Բաժիններ՝

Threads. Ի՞նչ է իրենից ներկայացնում Ցուկերբերգի նոր և իրարանցում առաջացրած սոցցանցը

Մասկի հետ վիրտուալ պատերազմը Մարկ Ցուկերբերգը շարունակում է նոր սոցիալական ցանցի գործարկմամբ։ Նոր սոցցանցը չափազանց նման է Թվիթերին, որ անցած տարի սկանդալներից հետո կարողացավ գնել Իլոն Մասկը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում նոր սոցցանցը, ինչի՞ մասին է, ինչպե՞ս օգտագործել․ այս և նմանատիպ հարցերի պատասխանը՝ ստորև։

2023 թվականի հուլիսի 5-ին Threads սոցիալական ցանցը հասանելի դարձավ iOS և Android համակարգերում 100 երկրների օգտատերերի համար։

Threads-ը նոր սոցիալական ցանց է Մարկ Ցուկերբերգի Meta-ից: Այն առաջարկում է սմարթֆոնի միջոցով իրական ժամանակում հանրային խոսակցություններ վարելու ամենադյուրին ճանապարհը:

Դա անելու համար Threads-ն ունի ամենաանհրաժեշտը՝ լուսանկարներով կամ տեսանյութերով փոքր տեքստային հաղորդագրություններ («ճյուղեր») գրելու, դրանք մեկնաբանելու, հավանելու, ձեր լրահոսում վերահրապարակելու և այլ օգտատերերի հետ կիսվելու հնարավորություն: Այո, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնպես է, ինչպես Twitter-ում։

Ինչպե՞ս օգտագործել Threads-ը

Threads-ն օգտագործելու համար դուք պետք է լինեք 16 տարեկանից բարձր (իսկ որոշ երկրներում՝ 18-ից բարձր) և ունենաք Instagram-ի հաշիվ: Եթե ​​չունեք Instagram-ի հաշիվ, ապա ձեզ հարկավոր է ստեղծել: Օգտվողի անունը և գաղտնաբառը նույնը կլինեն, ինչպես Instagram-ինը, այնպես էլ՝ Threads-ի համար: Դուք կարող եք ջնջել ձեր Threads հաշիվը միայն այն դեպքում, եթե ջնջեք ձեր Instagram պրոֆիլը:

Threads-ում կարող եք թողնել հաղորդագրություններ մինչև 500 նիշ, լուսանկարներ և տեսանյութեր՝ մինչև հինգ րոպե: Գրանցվելուց հետո հավելվածն առաջարկում է.

ընտրեք պրոֆիլի կարգավիճակը՝ հանրային կամ մասնավոր;

լրացրեք ձեր մասին տեղեկությունները;

հետևեք արդեն ծանոթ օգտատերերին Instagram-ից։

Նորությունների հոսքը ցուցադրում է այն մարդկանց կողմից հրապարակված բովանդակությունը, ում օգտատերը հետևում է, և նոր ներդրողների կողմից ներկայացված բովանդակությունը: Դուք կարող եք կիսել ձեր Threads գրառումը Instagram Stories-ում կամ որևէ այլ հարթակի հղումով: Բացի այդ, դուք կարող եք թաքցնել որոշակի բառեր պարունակող գրառումները լրահոսում և կարգավորել գաղտնիությունը, ներառյալ՝ գրառումների հատկորոշումը:

Instagram-ում հասանելի ներառական գործառույթները, ինչպիսիք են AI-ի կողմից ստեղծված էկրանի ընթերցումը և պատկերների նկարագրությունը, ինտեգրված են նաև Threads-ում:

Ցուկերբերգի և Մասկի միջև կոնֆլիկտ նոր սոցցանցի շուրջ

Twitter-ի անալոգի՝ Threads-ի գործարկելու Մետայի ծրագրերի մասին ի սկզբանե հաղորդել էր The Wall Street Journal-ը: Meta-ի արտադրանքի գլխավոր տնօրեն Քրիս Քոքսը նախագիծը ներկայացրել է հունիսի սկզբին, որը կոչվում է Project 92:

Դրանից հետո Tesla-ի և SpaceX-ի ղեկավարը և Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին MMA-ի կանոններով մենամարտի մարտահրավեր է նետել։ Արդյո՞ք դա իրականում տեղի կունենա, հայտնի չէ:

Ինչպե՞ս է Threads-ը տարբերվում Twitter-ից

Իրականում ծառայությունները նույնական են՝ մի քանի բացառություններով։ Նախ, դուք չեք կարող գրանցվել Threads-ում՝ առանց Instagram-ի: Սա միաժամանակ և՛ թերություն է, և՛ առավելություն, քանի որ Instagram բազան ամսական ունի ավելի քան 2 միլիարդ ակտիվ օգտատեր։ Եվ նրանք բոլորն այժմ Threads-ի պոտենցիալ օգտվողներ են:

Երկրորդ կետը՝ Threads-ը անձնական հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն չունի։ Կարող եք գրել միայն ֆիդում, հրապարակել գրառումներ կամ պատասխանել մեկնաբանություններում։ Բայց ոչինչ չի խանգարում ծրագրավորողներին ավելի ուշ ավելացնել այս հնարավորությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա։

Եվ ևս մեկ բան. Threads-ում կա միայն առաջարկությունների հոսք: Դուք չեք կարող ընտրել ժամանակագրական հոսքը: Բովանդակությունը միշտ հարմարվելու է ձեր գործողություններին, անկախ նրանից՝ դա ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս