Կրեմլում Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հեռանկարներ առայժմ չեն տեսնում
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացի հեռանկարներ առայժմ չկան։ Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տարբեր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր, մենք ասել ենք, որ ռուսական կողմը երբեք դուռը չի փակել բանակցային գործընթացի առջև։ Սակայն առայժմ մենք որևէ հեռանկար չենք տեսնում այս բանակցային գործընթացի համար», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Այսպես է նա մեկնաբանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինայում իրավիճակը պետք է փոխվի մինչև աշուն, ինչպես նաև բանակցությունների հնարավոր մեկնարկի մասին։
«Մեզ համար կարևոր է հասնել մեր նպատակներին: Դրանց կարելի է հասնել տարբեր ուղիներով: Բայց այս պահին, ցավոք, քաղաքական-դիվանագիտական միջոցները հասանելի չեն», – հավելել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ դրա պատճառներից է «Կիևի վարչակարգի կողմից նման հնարավորության մերժումը», ինչպես նաև այն, որ Վաշինգտոնը, որն անմիջական ազդեցություն ունի Կիևի վրա, հակված չէ դրան։