Բաժիններ՝

Չինաստանը սահմանափակել է սննդամթերքի ներմուծումը Ճապոնիայից

ՉԺՀ-ի մաքսային գլխավոր վարչությունը հայտարարել է Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից մթերքի ներկրման արգելքի մասին՝ «Ֆուկուսիմա-1» վթարային ատոմակայանից ջրահեռացման՝ ճապոնական կողմի որոշման պատճառով։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին հաղորդագրություն է հրապարակվել կարգավորող մարմնի կայքում։

«Ռադիոակտիվ նյութերով աղտոտված ճապոնական սննդամթերքի արտահանումը Չինաստան կանխելու և չինացի սպառողների համար ներմուծվող սննդամթերքի անվտանգությունն ապահովելու համար Չինաստանի մաքսային մարմիններն արգելում են սննդամթերքի ներկրումը 10 պրեֆեկտուրաներից, ներառյալ՝ Ֆուկուսիմայից», – ասված է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։

Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հրապարակել էր զեկույց՝ ընդգծելով, որ ջրահեռացման Ճապոնիայի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափանիշներին: Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին նաև նշել էր, որ ՄԱԳԱՏԷ-ն չափազանց աննշան է համարում ջրի բացթողման ազդեցությունը տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի տարածքում այժմ ավելի քան 1,25 միլիոն տոննա ջուր է կուտակվել բաքերում, որն օգտագործվել է 2011 թվականի մարտին ցունամիի հետևանքով վնասված ռեակտորների սառեցման համար։ Ճապոնիայի կառավարությունը պնդում է, որ ջուրն, ընդհանուր առմամբ, մաքրված է ռադիոակտիվ նյութերից և պարունակում է միայն ջրածնի իզոտոպ՝ տրիտում։ 2021 թվականի ապրիլին Տոկիոն որոշում է կայացրել այդ ջրի զգալի քանակություններ լցնել օվկիանոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս