Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը. Մարիա Զախարովա
Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Ռուսաստանը Ադրբեջանին կոչ է անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դարձած դեպքերի և Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման կապակցությամբ։ Ըստ առկա տեղեկությունների՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը վատթարանում է։ Ցավով պետք է արձանագրել, որ մատակարարման դադարեցման պատճառով Ղարաբաղի բնակչությունը կարող է առանց սննդամթերքի, առաջին անհրաժեշտության ապրանքների և դեղորայքի պաշարների մնալ»,- ասել է Զախարովան։
Դա, նրա խոսքով, հակասում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ 2020 թվականի հայտարարության դրույթներին։
«Մենք Բաքվին և Երևանին կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ապաշրջափակել Լաչինի միջանցքը, ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը քաղաքացիական նպատակներով», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է խաղաղապահների գործողություններին, ապա դրանք կհամապատասխանեն «գետնի վրա» իրավիճակի զարգացմանը։ Զախարովայի խոսքով՝ դրանք կընթանան երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հունով։
Զախարովան նշել է, որ Ռուսաստանը կապեր է պահպանում հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի նպատակով։ Այդ շփումները, դիվանագետի խոսքով, շարունակվում են թե՛ քաղաքական մակարդակով, թե՛ խաղաղապահ զորախմբի գծով։
«Եվ, իհարկե, շատ բան հենց կողմերից է կախված, նրանց քաղաքական կամքից և միմյանց ընդառաջ գնալու պատրաստակամությունից։ Մենք մեր կողմից բոլոր անհրաժեշտ ջանքերը գործադրում ենք»,- նա։