Բելառուս են տեղափոխվել որոշակի քանակությամբ ռուսական միջուկային մարտագլխիկներ. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է հանրապետություն միջուկային մարտագլխիկների տեղափոխման մասին։ Այս մասին հայտնել է ТАСС-ի թղթակիցը։
«Որոշակի քանակությամբ միջուկային մարտագլխիկներ են տեղափոխվել Բելառուսի տարածք», – ասել է նա օտարերկրյա և բելառուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։
«Այդ զենքերը բացառապես պաշտպանական նպատակներով են: Մեզ մի՛ դիպչեք: Եվ մոռացե՛ք միջուկային զենքի մասին: Բայց եթե ագրեսիա գործեք, պատասխանը կլինի ակնթարթային: Թիրախները որոշված են», – ասել է նա:
Լուկաշենկոն հավելել է, որ ռազմամթերքը ցամաքային ճանապարհով չի տեղափոխվել։ Դրա տեղակայումն ու ծավալումը կվերահսկեն Ռուսաստանը և Բելառուսը: