Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ին քաղաքական որևէ պահանջ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին. Արցախի ՄԻՊ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին:
Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի հետ հանդիպմանը նշել էր, որ Կոմիտեն նաև Ադրբեջանից կարող է բեռնափոխադրումներ իրականացնել Արցախ:
«Ադրբեջանը այսօր ցանկացած առիթ օգտագործելու է Կարմիր խաչի առաքելությունը Արցախից հանելու նպատակով: Բայց այժմ միակ միջազգային ներկայությունը, որ մենք ունենք Արցախում, Կարմիր խաչն է, որը քիչ թե շատ իր չեզոքության, անկախության սկզբունքները պահպանելով՝ փորձում է հումանիտար իրավիճակին օգտակար լինել և հարցերը կարգավորել»,- ասաց նա:
Արցախի ՄԻՊ-ն այս հարցի շրջանակներում շեշտեց այն միտքը, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, միջազգային հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած կազմակերպության և առհասարակ միջազգային աջակցությանը նման քաղաքական պահանջներ ներկայացնելը միանշանակ հակասում է միջազգային հումանիտար իրավունքին, քանի որ հումանիտար աջակցության համար սահմանված հիմնական սկզբունքներից են չեզոքությունն ու անկախությունը:
«Այսինքն՝ հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունը ինքը պետք է որոշի, թե ինչպես պետք է աջակցություն տրամադրի տուժած ժողովրդին: Եվ ամեն անգամ, երբ Ադրբեջանը ուղղակի քաղաքականացնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայությունը, դեմ է դուրս գալիս միջազգային հումանիտար իրավունքին: Ես վստահ եմ, որ Կարմիր խաչի ամենաբարձր օղակներում սա գիտակցում են և չեզոքության տարամաբանության մեջ էլ կշարունակեն աշխատել ու չեն տրվի Ադրբեջանի կողմից հարուցվող քաղաքական խոչընդոտներին»,-ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:
Նա նշեց, որ Կարմիր խաչի միջոցով դեղորայքի տեղափոխումը Արցախ և բուժառուների փոխադրումը այժմ իրականացվում է: Իսկ հումանիտար նշանակության այլ բեռների փոխադրումը որպես կանոն իրականացվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների միջոցով, որը դադարել է հունիսի 15-ից ու մինչ այս պահը չի իրականացվում:
Նա հույս հայտնեց, որ, եթե որևէ այլ ձևով այն հնարավոր չլինի վերականգնել, ապա Կարմիր խաչը պատասխանատվություն կստանձնի նաև այս ուղղությամբ: