Սերբիայում հայտարարել են ԵՄ-ին անդամակցելու պահեստային ծրագրի բացակայության մասին
Սերբիայի իշխանությունները ոչ մի պահեստային ծրագիր չեն մշակել այն դեպքում, եթե առաջընթաց չլինի երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում։
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հուլիսի 5-ին հայտնել է Euractiv պորտալը՝ մեջբերելով Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հայտարարությունը։
«Տնտեսապես մենք արդեն Եվրամիության մաս ենք, բայց մշակութային, աշխարհագրական և պատմական առումով մենք եվրոպական մայրցամաքի և ազգերի եվրոպական ընտանիքի մի մասն ենք»,-նշել է նա և հավելել, որ իրենք ԵՄ-ին անդամակցելու հեռանկարի համար պահեստային ծագիր չունեն:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2027 թվականին, ավելի վաղ հայտարարել էր, որ չի հավատում՝ Սերբիան ԵՄ անդամ կդառնա մինչև իր նախագահական ժամկետի ավարտը։ Բալկանյան Հանրապետության նախագահը նաև ընդգծել էր, որ Եվրամիության և BRICS-ի միջև ընտրության հարցին կարող են բախվել սերբերի ապագա սերունդները։