Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու համար. Անահիտ Մանասյանը՝ Սահմանադրության օրվա առթիվ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ: Դրանում ասված է.
«Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ: Սահմանադրությունը մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, դրանց իրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու ապահովման, ինչպես նաև մարդու արժանապատվության անօտարելիության գրավականն է։
Այս խորհրդանշանական օրվա կապակցությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Մարդու իրավունքների պաշտպանի դերը Սահմանադրությամբ ամրագրված հիմնարար իրավունքների և ազատությունների, իրավական պետության կարևորագույն հատկանիշ հանդիսացող՝ իրավունքի գերակայության պաշտպանության ու ապահովման հարցում։
Սահմանադրական իրավունքի բնագավառում իմ այս տարիների փորձառությունը հուշում է, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր ներդնել հիմնարար իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի ու դրանց իրացման պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ։
Չկա այլ ճանապարհ` կայուն ու ժողովրդավար հասարակություն կառուցելու նպատակին հասնելու տեսանկյունից։ Իրավական պետության կայացման և ամրապնդման առանցքային գրավականը Սահմանադրության ու դրանով երաշխավորված իրավունքների նկատմամբ հարգանքն է։ Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ»: