Բաժիններ՝

Ռախմանինով-150. կհնչեն ռուս ականավոր կոմպոզիտորի դաշնամուրային կոնցերտները

Երաժշտական աշխարհը 2023 թվականին նշում է ռուս մեծ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 150-ամյակը։ Երևանում ևս հուլիսի 12-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ տեղի կունենան համերգներ՝ նվիրված ականավոր կոմպոզիտորին։

Դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կունենան ունկնդրելու Ռախմանինովի փառահեղ ստեղծագործությունները. կհնչեն նրա դաշնամուրային թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 կոնցերտները, ինչպես նաև Ռապսոդիան Պագանինիի թեմայով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան մեծ համբավ վայելող դաշնակահարներ Թեո Գեորգիուն, Ալեքսանդր Ռոմանովսկին, Անդրեյ Գուգնինը, Դմիտրի Իշխանովը և Անաստասիա Տերենկովան։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ռախմանինովին նվիրված համերգների բացառիկ հովանավորն է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Ռախմանինովը 20-րդ դարի մեծագույն դաշնակահար է, փայլուն դիրիժոր և հանճարեղ կոմպոզիտոր, ում ստեղծագործական ժառանգությունը համաշխարհային երաժշտարվեստի գանձարանի մաս է կազմում։

Նրա երաժշտությունն առանձնահատուկ է՝ ճանաչելի առաջին իսկ նոտաներից։ Ռախմանինովն ամենաշատ կատարված ռուս կոմպոզիտորներից է։ Նրա կոնցերտները, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները հնչում են աշխարհի լավագույն բեմերում և լավագույն նվագախմբերի ու մենակատարների կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս