Վրաստանում վիրավորական են համարում Սաակաշվիլիին վերադարձնելու՝ Ուկրաինայի պահանջը
Ուկրաինական իշխանությունների պահանջը՝ հանձնել հայրենիքում պատիժ կրող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, վրացական կողմի համար վիրավորական է։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին լրագրողներին հայտնել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայի նախագահի երեկվա քայլին, որ կապված էր Միխեիլ Սաակաշվիլիի հետ, ապա ես չեմ ուզում խորանալ այս թեմայի մեջ այն պարզ պատճառով, որ դա վերաբերում է պատերազմող երկրի նախագահին։ Ընդհանուր առմամբ, (խմբ․՝ ուկրաինական) իշխանությունների դիրքորոշումը, իհարկե, վիրավորական է», – ասել է նա։
Կոբախիձեն պարզաբանել է, որ ուկրաինացի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ներգրավված են եղել 2021 թ․-ին Սաակաշվիլիին Վրաստան տեղափոխելու մեջ, և երբ երկրի նույն ղեկավարությունը պահանջում է նրա վերադարձը, դա վիրավորական է։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել էր զանգահարել Վրաստանի դեսպանին և հրահանգել նրան 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից՝ Սաակաշվիլիի հարցով խորհրդակցությունների համար։ Նա կրկին Թբիլիսիին կոչ է արել Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Կիև։ Զելենսկիի խոսքով՝ Ուկրաինայի գործընկերները պետք է պաշտպանեն Սաակաշվիլիին՝ նրան փրկելու համար։
Վրաստանի նախկին նախագահը գաղտնի ժամանել էր Վրաստան 2021 թ․ հոկտեմբերին կայանալիք մունիցիպալ ընտրությունների նախորդ օրը, որից հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ։ Նա մեղադրվում է մի շարք քրեական հանցագործությունների մեջ։ 2022 թ․ մայիսին, առողջական վատթարացման պատճառով, նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա մնում է մինչ օրս։