Բաժիններ՝

«Դպրոցական սնունդ» ծրագիրն այսուհետ կիրականացվի պետբյուջեի միջոցներով

«Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը գործընկերների հետ միասին իրականացվում էր ՀՀ մարզերում ավելի քան 13 տարի, այսուհետ կկատարվի պետական բյուջեի միջոցներով:

«Դպրոցական սնունդ» ծրագիրը մինչ այս իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի (SFCWA), Ռուսաստանի Դաշնության Սննդի ճյուղային ինստիտուտի (SIFI), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) և նրա տեխնիկական գործընկերների հետ ռազմավարական համագործակցության արդյունքում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց , որ վերջին երկու տասնամյակների ընթացքում «Դպրոցական սնունդ»-ը Հայաստանում սոցիալական պաշտպանության փորձնական ծրագրից վերածվել է մարդկային կապիտալի զարգացման հարթակի՝ խթանելով կրթության որակի բարելավումը և առողջ ապրելակերպը՝ կայուն գյուղատնտեսության, կլիմայամետ գործունեության, շրջանաձև տնտեսության և տեղական համայնքների զարգացման միջոցով:

«Շատ կարևոր է, որ մենք կարողացանք ինչպես որ պլանավորված էր, ավարտել ծրագրի ամբողջական փոխանցումը պետությանը, ինչը նշանակում է, որ 2023 թվականի հունվարից արդեն մեր բոլոր 10 մարզերի 1-ից 4-րդ դասարանների 100 հազարից ավելի երեխաները սնունդ ստանում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մենք, բնականաբար, կարիք ունենք զարգացնելու մեր ունեցած արդյունքները՝ մասնավորապես ծրագրի մաս չի կազմում Երևանը, և այժմ մենք քննարկում ենք Երևանի դպրոցները նույնպես ծրագրում ներառելու հարցը, ինչը թույլ կտա շուրջ 50 հազարով մեծացնել ծրագրի շահառու երեխաների թիվը: Կարծում եմ՝ հաջորդ տարի արդեն կսկսենք Երևանի դպրոցները ծրագրում ներառելու գործընթացը»,- նշեց նախարարը:

Նա ընդգծեց՝ շատ կարևոր է, որ ծրագիրը ոչ միայն երեխաներին սնունդ տալու համար է, այլ նաև կրթական բաղադրիչ է պարունակում իր մեջ. այն ներառվել է «Առողջ ապրելակերպ» դասընթացի շրջանակներում, և երեխաները նաև սովորում են և տեսական դասընթաց են անցնում:

Նախարարի խոսքով՝ վերջին գնաճով պայմանավորված, որոշակի վերանայումներ է իրականացվել և ճաշացանկը փոփոխվել է: «Կա 20 հիմնական սննդամթերք, որ ներառված է ճաշացանկում և երկշաբաթյա ճաշացանկ է հաստատվում հենց այդ 20 սննդամթերքի օգտագործմամբ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն, ընդգծելով ծրագրի կարևորությունը, նշեց, որ այս տարիներին ծրագրի աջակցումը եղել է ոչ միայն ֆինանսական, այլ նաև տեխնիկական, մեթոդական և կադրերի պատրաստման հարցում:

«Ես կարծում եմ, որ ծրագիրը աշխատում է շատ լավ մեխանիզմով և ունի մեծ պոտենցիալ, ինչն էլ առիթ դարձավ, որ Ռուսաստանի Դաշնությունը աջակցեր այս կարևոր նախագծի իրականացմանը: Ես վստահ եմ, որ ռուսական աջակցությունը ծրագրի իրականացման և կատարելագործման հարցում շարունակվելու է մեր երկու երկրների ամուր համագործակցությունը շնորհիվ: Դա պատահական չէ, որ Ռուսաստանի Դաշնությունը ակտիվ մասնակցություն ունի այս ծրագրի իրականացման գործում, քանի որ Հայաստանը մեր եղբայրական երկիրն է, մեր ամենամոտ գործընկերն է»,-նշեց դեսպանը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը նշեց, որ 2016 թվականից սկսած «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացումը բոլոր 10 մարզերում աստիճանաբար փոխանցվել է ՀՀ կառավարությանը, սակայն ՊՀԾ-ն շարունակում է ծրագրի տեխնիկական աջակցություն և ռեսուրսներ տրամադրել՝ ծրագրում ներգրավված դերակատարների հմտություններն ու կարողությունները բարելավելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս