Իսրայելը շարունակում է գործողությունները Ջենինում․ Պաղեստինի նախագահը արտակարգ նիստ է հրավիրել
Իսրայելը վաղ առավոտից լայնածավալ գործողություն է սկսել պաղեստինյան Ջենին քաղաքում և այնտեղ գտնվող փախստականների ճամբարում։ Ավիահարվածներից և ցամաքային զորքերի առաջխաղացումից հետո Իսրայելի պաշտպանության բանակը գործի է դրել նաև անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ ռազմական գործողությունում ներգրավված են Իսրայելի հազարավոր զինվորականներ։ Իսրայելն այս գործողությունը բնութագրել է որպես «հակաահաբեկչական գործողություն»։
Պաղեստինի վարչապետ Մուհամմադ Շտայեն Իսրայելի գործողությունները բնութագրել է որպես ագրեսիա, որը «տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առջև»։ Պաղեստինի վարչապետի խոսքով՝ Իսրայելը փորձում է ոչնչացնել Ջենինի ճամբարը։ Ըստ ՄԱԿ-ի՝ պաղեստինյան փախստականների հարցերով գործակալության՝ ճամբարում այժմ բնակվում է 14 հազար փախստական։
Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնել են, որ նախագահ Մահմուդ Աբբասը երեկոյան Պաղեստինի ղեկավարության արտակարգ նիստ է հրավիրել՝ իրավիճակը քննարկելու համար։
Իսրայելական կողմը պնդում է, որ անում է հնարավոր ամեն բան՝ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար, սակայն պաղեստինյան կողմը հայտնել է 5 զոհի և 20-ից ավելի վիրավորի մասին։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ ոչնչացրել է «7 ահաբեկչի»։
Իր հերթին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը թիրախավորում է ոչ թե պաղեստինցիներին, այլ «Իրանի հովանավորությամբ գործող զինված խմբավորումներին», մասնավորապես՝ «Համաս» շարժմանը և «Իսլամական ջիհադ» խմբավորմանը։
Ջենինում գտնվող BBC-ի թղթակիցը հաղորդում է, որ կանոնավոր ընդմիջումներով պայթյունի ձայներ են լսվում։ Ճամբարի ուղղությունից նաև կրակահերթի ձայներ են լսվում, փողոցները դատարկ են, երբեմն անցնում են շտապօգնության մեքենաներ, ինչպես նաև իսրայելական ռազմական ամենագնաց ավտոմեքենաներ։