
Այսօր Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանում սկսվում է մայիսին առևանգված հայ ռազմագերիների գործով դատավարությունը

Հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հայ զինծառայողներին կեղծ մեղադրանք է ներկայացվել «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական խախտման» և այդ երկրի տարածքում իբր «ահաբեկչական գործողության ծրագրման» համար: Հաղորդվում է, թե իբր «հայկական դիվերսին խումբն Ադրբեջանի սահմանը հատել է Զանգելանի (ներկայում օկուպացված Կովսական) հատվածում»:
Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:
Հաղորդվում է, որ այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ, տեղի կունենա վարչական նիստ։
Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։