Հռոմի պապը վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ վրդովված է Ստոկհոլմում Ղուրանի այրման միջադեպից և նողկանք է զգում նման գործողություններից։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այս մասին քահանայապետը հայտնել է Al Ittihad թերթին տված հարցազրույցում։
«Ես վրդովված եմ, նողկանք եմ զգում նման գործողություններից: Ցանկացած գրքի, որը ժողովուրդը սուրբ է համարում, պետք է վերաբերվել ակնածանքով՝ ելնելով հավատացյալների նկատմամբ հարգանքից: Խոսքի ազատությունը երբեք չպետք է օգտագործվի որպես պատրվակ ուրիշներին վիրավորելու համար», – ասել է Հռոմի պապը:
Հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրման ակցիա։ Դրա կազմակերպիչը՝ Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան, որին նախկինում մերժել էին նման ակցիա կազմակերպել, պոկել է մահմեդականների սուրբ գրքի էջերը և այրել այն։ Այդ օրը ամբողջ աշխարհի մուսուլմանները նշում էին Իդ ալ Ադհան (Կուրբան Բայրամը թյուրքական ժողովուրդների շրջանում)՝ գլխավոր կրոնական տոներից մեկը: