Ֆրանսիայում գիշերը շարունակվել են անկարգությունները․ կան տասնյակ ձերբակալվածներ
Ֆրանսիայում արդեն 6 գիշեր է՝ շարունակվել են բազմամարդ ցույցերը և դրանք ուղեկցող անկարգությունները, որոնք հաջորդել են ոստիկանի կողմից 17-ամյա Նահելի սպանությանը։ Հուլիսի 2-ին Ֆրանսիայում անկարգությունների 78 մասնակից է ձերբակալվել՝ հուլիսի 1-ի 719-ի համեմատ։ Այս մասին հաղորդում է France 24-ը։
Ընդհանուր առմամբ՝ անվտանգության միջոցառումները խստացնելուց հետո երկրում ձերբակալվել է 3000-ից ավելի մարդ։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության՝ անկարգությունների ընթացքում հարյուրավոր ոստիկաններ և հրշեջներ են տուժել։ Տուժած ցուցարարների թիվը չի հաղորդվել։
Հուլիսի 4-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդիպում է անցկացնելու 220 քաղաքապետների հետ, որոնց քաղաքներում ցույցեր են տեղի ունեցել։
France Info ռադիոկայանի եթերում «Էքս Մարսել Պրովանս» առևտրային պալատի նախագահը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում անկարգությունների հետևանքով Մարսելի առևտրային ընկերություններին պատճառվել է ավելի քան 100 միլիոն եվրոյի վնաս։
Ցույցերի ընթացքում հարձակման է ենթարկվել նաև Փարիզի արվարձաններում գտնվող Լայ լե Ռոզի քաղաքապետի տունը։ Միջադեպից հետո Լայ լե Ռոզ են այցելել Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բոռնը և ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը։
Ֆրանսիայում բողոքի ալիք է բարձրացրել հունիսի 27-ին ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր