«Վաղը Քիշնևում լինելու է հերթական ապազգային, վատ հայտարարությունը». Արմեն Աշոտյան
«Վաղը Քիշնևում լինելու է հերթական ապազգային, վատ հայտարարությունը, բայց ո՞վ է մեղավոր լինելու՝ ԵՄ-ն, Գերմանիան և Ֆրանսիա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյանն ու մենք, որ մինչև հիմա ինքը կա: ԵՄ-ն առ այսօր Ղարաբաղի հարցում ունի երկու պաշտոնական մոտեցում, որից ոչ մեկը չի չեղարկվել: Մեկը Սերժ Սարգսյանի կողմից պատրաստված և ստորագրված ՍԵՊԱ-ն է, որտեղ գրված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Երկրորդը՝ Բորելի կողմից 2020թ. դեկտեմբերին հայտարարվել է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է լուծել, Արցախի խնդիրը փակ չէ, Արցախի կարգավիճակը գոյություն ունի: Հիմա, եթե Նիկոլը պատրաստ է ծախել Արցախը, եվրոպական պաշտոնյաներն էլ մի թուլափայով այս երկու պաշտոնական իրավական ուժ ունեցող և պաշտոնական դիրքորոշումները դնում են մի կողմ ու իրենց շահն են տանում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ֆրանսիան ՄԽ համանախագահ երկիր է, որը համաքավորներից է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ներառմանը՝ հիմնարար սկզբունքների մեջ, որը մինչև 2021թ. ապրիլ՝ անգամ պատերազմից հետո, ՄԽ համանախագահները, այսինքն՝ նաև Ֆրանսիան, հայտարարել են, որ այս հիմնարար սկզբունքները ուժի մեջ են: Ես հասկանում եմ խաղերը՝ գործադիր, օրենսդիր, բայց այդուհանդերձ, Ֆրանսիայի խորհրդարանը կառավարությանը կոչ էր անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Երբ այս երկրի ղեկավարի ներքո ուրիշ բան է դուրս գալիս արանքից, դա նշանակում է, որ մենք՝ որպես Հայաստան, ներկայացված ենք մի ոչնչությունով, դավաճանով, որն այսքան հիմքեր ունենալով՝ առաջ չի տանում այս հարցը, և պատրաստ է խուրդել ու ծախել»,- ընդգծեց նա:
Արմեն Աշոտյանը նկատեց՝ Գերմանիան այն երկիրն է, որի կանցլերը մի քանի ամիս առաջ Նիկոլի կողքին կանգնած խոսել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին. «Այսինքն՝ նորից գալիս ենք նույն բանին՝ մեր խնդիրների արմատը ո՛չ Միշելն է, ո՛չ Մակրոնն է, ո՛չ Շոլցն է, ո՛չ Պուտինն է, ո՛չ Բայդենն է, ո՛չ էլ Ալիևն ու Էրդողանն են, մեր խնդիրների արմատը Նիկոլն է»: