«ԵՄ-ն ավելի շատ վարկաբեկող ինստրումենտ չկա Հայաստանում, քան ԵՄ դեսպանը, տարե՛ք դրան». Արմեն Աշոտյան

«ԵՄ-ն ավելի շատ վարկաբեկող ինստրումենտ չկա Հայաստանում, քան ԵՄ դեսպանը, տարեք դրան»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է:

«Փառք Աստծո, դրան տանում են, իսկ այն դեսպանը, որը նշանակվել է, բավականին կարգին, պինդ մարդ է, վախենում եմ արդեն կանխատեսումներ անել, բայց ճանաչում եմ, աշխատել ենք, շփվել ենք, բարձր կարծիք ունեմ, լավ դիվանագետ է, Հայաստանը լավ գիտի, և կարծում եմ՝ շատ ավելի սկզբունքային կլինի, քան Նիկոլի աշխատող դարձած այս տիկինը:

Այս տիկինը եղել է նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան, և ասում է, թե այն ժամանակ կոռուպցիան ծորում էր Հայաստանում, ինքն անձամբ ականատես է եղել: Ես անձամբ այդ տիկին դեսպանի հետ, երբ Գերմանիայի դեսպանն էր, շփվել եմ, և նա անձամբ իմ հետ հանդիպումներում գովում էր, ասում էր՝ թեպետ նոր եք նշանակվել նախարար, բայց մենք շատ բարձր ենք գնահատում ձեր պայքարը կոռուպցիայի դեմ, ռեֆորմները, և այլն, և այլն:

Ես վստահ եմ, որ այդ տարիներին իմ ոչ մի կոլեգայի նա չի ասել, որ կոռուպցիան ծորում է, և նա ականատես է եղել, նա գալիս՝ գովում էր, ասում էր՝ ամեն ինչ լավ է: Հիմա մեկ էլ՝ կոռուպցիան ծորում էր, ու խոսում է մի տիկին, որը ներկայացնում է ԵՄ-ն, որտեղ արաբական շեյխերը կարողանում են փոխխոսնակի մակարդակով Եվրոպառլամենտում մի ֆրակցիայի մակարդակով մաֆիա ստեղծել, առնել զեկույցներ, կոռուպցիոն սկանդալների մեջ մտցնել Եվրոպառլամենտը՝ փոխխոսնակի և Սոցիալ-դեմոկրատների այլ դեպուտատների մակարդակով:

ԵՄ քաղաքական ինստիտուտներ են դղրդում կոռուպցիոն սկանդալներից, տիկին, դուք այստեղ եկել՝ ո՞ւմ ինչ եք ասում, ձեր սիրտը ստամբուլյան կոնվենցիա է ուզում, հա՞, ուրիշ երազանքներ չունե՞ք, դա էլ ասեք՝ կատարենք, ճանապարհենք ձեզ, տիկին դեսպան:

Հերի՛ք է վարկաբեկեք ԵՄ-ն, իրական եվրոպական արժեքները, իրական եվրոպական քաղաքակրթությունը՝ Հայաստանում, ձեզանից ավելի շատ վնաս տվող իրական եվրոպական քաղաքակրթական արժեքներին՝ Հայաստանում, որոնք խարսխված են քրիստոնեա-դեմոկրատական և հունա-հռոմեական քաղաքակրթական արժեքների վրա, չկա, դու եք ամենամեծ վնաս տվողը: Այսօր էլ մեծ վնաս եք տվել, շնորհավորում եմ, որովհետև միայն ձեր նման ծորացող և ժամկետանց դեսպանը կարող էր գալ և խոսել ստամբուլյան կոնվենցիայի մասին, նորից հասարակության մեջ Եվրոպան ասոցացներ մի բանի հետ, որը բացարձակ իրական Եվրոպա չէ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը:

Տեսանյութեր

Լրահոս