«Նիկոլ, դու անպատիժ չես մնալու. քո խաղեր տալու դաշտն ու քաղաքական կյանքի տևողությունը փոքրացել են». Արմեն Աշոտյան
«Նիկոլ, դու անպատիժ չես մնալու, եթե անգամ շարունակես մեր գրպանը գցել քո բերած արհավիրքը, քո բերած պատերազմը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ 44-օրյա պատերազմը եկել է 2018թ. իշխանազավթման հետևանքով:
Նիկոլ Փաշինյանն այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասել է, թե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։
Արմեն Աշոտյանը նկատեց՝ համաշխարհային մասշտաբով այդ ո՞ր մի բանակցության մասին են դետալ առ դետալ բոլոր երկրների բոլոր քաղաքացիներն իմանում. «Այդ ո՞ր մի բանակցությունների մասին են բոլոր քաղաքացիները դետալներն իմանում: Սերժ Սարգսյանը մշտապես բացել է իր մոտեցումները, հասարակության հետ պարզ շփվել է, քո նման անբարոյականներն էլ Սերժին մեղադրում էին հող հանձնելու մեջ, երբ Կիսելյովի հետ հարցազրույցում ասաց, որ պատրաստ էինք շրջանները հանձնել՝ ինքնորոշման իրավունքի դիմաց: Երբեք հայ ժողովրդից չի թաքցվել ոչ մի բան՝ ո՛չ արցախյան հարցով, ո՛չ հայ-թուրքական հարցով: Դետալներ, տեխնիկական խնդիրներ, կներեք՝ բանակցություններ են, բայց սկզբունքներ, մոտեցումներ, կարմիր գծեր երբեք չենք թաքցրել:
Դու չէի՞ր 2018թ. օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում խոստացել, որ որևէ գաղտնիք հայ ժողովրդից չես ունենալու, գալու ես պատմես, ագորայում ստանաս արցախյան հարցի լուծման դաբրոն, նոր գնաս լուծես: Արե՞լ ես նման բան՝ Արցախից ձեռքերդ լվանալու որոշումը կայացնելիս, հայտարարելիս, որ Արցախը Ադրբեջանի կազմում ես ճանաչում: Դու ես խոստացել գալ և ամբողջը պատմել, արե՞լ ես դա: Երբ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ասում եք՝ եկեք ձեզ թաքուն ցույց տանք խաղաղության պայմանագրի նախագիծը, բայց ոչ մեկին չասեք, հերթական անգամ ապացուցում եք, որ դուք ժողովրդից գաղտնիք ունեք: Պատգամավորներին չեք կարող ցույց չտալ, նրանք հասանելիություն ունեն, բայց ժողովրդից թաքցնում եք, դուք եք խաբում»:
ՀՀԿ փոխնախագահը հիշեցրեց՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջին անգամ խոսել պաշտոնավարման չորրորդ տարում՝ 2022թ. «Նիկոլ, ենթադրենք՝ դու ճիշտ ես, բայց 2018-2022թ. ընթացքում ինչո՞ւ էիր քո բոլոր նախընտրական ծրագրերում, կառավարության ծրագրերում գրում՝ մադրիդյան սկզբունքներ, հիմնարար սկզբունքներ, ՄԽ համանախագահություն, ինքնորոշման իրավունք և այլն: Ըստ քո նման տխմարի, դավաճանի՝ Արցախը ամենասկզբից Ադրբեջան էր, բա 2021թ. ինչո՞ւ էիր խաբում, ժողովրդավար չէի՞ր: Դու ոնց պտտվում ես, միքայլանի ստեր են քո նման անմակարդակ շուստրիի պարագայում»:
Նա շեշտեց՝ փոքրացել են Նիկոլ Փաշինյանի խաղեր տալու դաշտն ու քաղաքական կյանքի տևողությունը. «Նա Հայաստանի, Արցախի հաշվին խաղեր է տվել Բրյուսելում, Վաշինգտոնում, Մոսկվայում: Որտեղ տարել են՝ մի փոր հաց են կերցրել, այնտեղ աշխարհաքաղաքական իմաստով դրել են վզին ու ճամփել են: Ու մեզ ծախելով՝ իր անձնական խաղի դաշտն է փոքրացել: Այսօր նա դա էր խոստովանում, ասում էր՝ գերհզորների արանքում երկրի դաշտն է փոքրացել, բայց ոչ, ժողովուրդ ջան, իր անձնական խաղի դաշտն է փոքրացել: Նա մեզ ծախելով՝ պտտվել է, բոլորն իրենից օգտվել են, ու ոչ ոք երաշխիք չի տվել ու մինչև այսօր չի տալիս: Այս ամենը տանում է նրան, որ կարճացել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքի տևողությունը»: