Սուդանի բանակը դադարեցրել է մասնակցությունը հատուկ ջոկատայինների հետ բանակցություններին
Սուդանի բանակը դադարեցնում է Ջիդդայում իր ներկայացուցիչների մասնակցությունն «Արագ արձագանքման ուժերի» (հատուկ ջոկատների) հետ բանակցություններին։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ զինված ուժերը բանակցային գործընթացում միջնորդներ հանդես եկող ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային տեղեկացրել են իրենց որոշման մասին և կոչ են արել ճնշում գործադրել հատուկ նշանակության ուժերի վրա, որպեսզի նրանք կատարեն հումանիտար հրադադարի պայմանները։
Այդ որոշման պատճառը, ըստ հեռուստաալիքի տեղեկատվության, դարձել է այն, որ հատուկ նշանակության ջոկատները հրաժարվել են դուրս բերել իրենց մարտիկներին հիվանդանոցներից և բնակելի շենքերից։ Ավելի վաղ Սուդանի զինված ուժերի աղբյուրները հայտնել էին, որ դա այն հիմնական պայմանն է, որ հումանիտար դադարի շուրջ բանակցային գործընթացում բանակն առաջադրում է «Արագ արձագանքման ուժերին»։
Հատուկ նշանակության ուժերն, իրենց հերթին ժամանակավոր հրադադարի ռեժիմի պայմանները խախտելու համար մեղադրել են զինված ուժերին. հրադադարը մայիսի 29-ին երկարաձգվել էր ևս հինգ օրով։ Twitter-ում «Արագ արձագանքման ուժերի» ներկայացուցչի պաշտոնական հայտարարության համաձայն՝ բանակը գրոհել է հատուկ նշանակության ջոկատների մի քանի դիրքերի վրա և հրետանային կրակ արձակել Օմդուրման և Հյուսիսային Խարթում քաղաքների շրջաններում: