Բաժիններ՝

Ռուսական կողմից հայտնել են ՌԴ-ի տարածքում ԱԹՍ-ներով մի շարք հարվածների և ԼԺՀ-ի գնդակոծության մասին. կան զոհեր և վիրավորներ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Կարպատի բնակավայրում թռչնաֆաբրիկայի գնդակոծության հետևանքով 5 մարդ է զոհվել, 24 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդել է «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնում» ԼԺՀ-ի ներկայացուցչությունը:

Տեղի իշխանությունները հաղորդել են, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

РИА Новости գործակալությունը, վկայակոչելով «Վերահսկողության և համակարգման համատեղ կենտրոնի» տարածած տեղեկությունը, հաղորդում է, որ գնդակոծությունն իրականացվել է HIMARS համակարգերից:

Իր հերթին ՌԴ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել է, որ գիշերը զանգվածային գնդակոծության է ենթարկվել Շեբեկինո բնակավայրը: 4 մարդ վիրավորվել է: Ըստ Գլադկովի՝ «Գրադ» համակարգից արձակված արկերի պատճառով վնասվել են 8 բազմաբնակարան շենք, 4 մասնավոր շենք, դպրոցի շենքը և 2 վարչական շենք, ինչպես նաև մեքենաներ: Մեկ խանութ ամբողջովին այրվել է:

«Այսօրվանից սկսում ենք Շեբեկինսկի և Գրայվորոնսկի շրջաններից դուրս բերել երեխաներին: Այսօր առաջին երեք հարյուր երեխաներին կուղարկենք Վորոնեժ», – գրել է Գլադկովն իր Telegram ալիքում:

ТАСС գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթավերամշակման գործարանում անօդաչու թռչող սարք է ընկել: Տուժածներ չկան:

Նաև հաղորդվում է, որ Կրասնոդարից ոչ հեռու գտնվող Նեֆտեկաչկա բնակավայրի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հնարավոր հարվածի պատճառով: Ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետի՝ հրդեհը մարվել է, տուժածներ չկան:

BBC-ի ռուսական ծառայությունն էլ հաղորդում է, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ թիկունքում գտնվող ուկրաինական քաղաքներին գիշերը զանգվածային հարվածներ չեն հասցվել:

Մայիսի 30-ին Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա 8 ԱԹՍ էր արձակվել: Այդ հարձակումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայում ավելի շատ ՀՕՊ համակարգեր կտեղադրվեն: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակման նպատակը «Ռուսաստանին պատասխանի հրահրելն է»: Ուկրաինայի իշխանությունները հերքել են իրենց առնչությունը հարձակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս