Հյուսիսային Կորեայի կողմից արբանյակի արձակման փորձը տապալվել է
Հյուսիսային Կորեայի՝ տիեզերքում ռազմական հետախուզական արբանյակ տեղադրելու փորձը ձախողվել է, սակայն Փհենյանը նախատեսում է հնարավորինս շուտ իրականացնել երկրորդ արձակումը: Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, այս մասին հայտնել է Կորեական կենտրոնական լրատվական գործակալությունը:
Ըստ Փհենյանի՝ «Չոլլիմա-1» հրթիռը, որն արբանյակը պետք է հասցներ ուղեծիր, ընկել է Դեղին ծովը հրթիռի երկրորդ փուլի շարժիչի խափանման պատճառով:
Հաղորդագրությունում նշվում է, որ «շարժիչի նոր համակարգի հուսալիությունն ու կայունությունը ցածր» էր, իսկ օգտագործվող վառելիքը՝ «անկայուն», ինչը հանգեցրել է առաքելության ձախողմանը:
Հյուսիսային Կորեայի Տիեզերական զարգացման ազգային գործակալությունը հայտարարել է, որ «հրատապ կերպով» կհետաքննի ձախողումը և նոր փորձարկումից հետո կիրականացնի ևս մեկ արձակում:
Հյուսիսային Կորեան Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությանը տեղեկացրել էր, որ մայիսի 31-ից մինչև հունիսի 11-ն ընկած ժամանակամիջոցում մտադիր է արձակել երկրի պատմության մեջ առաջին հետախուզական արբանյակը։ Ըստ Փհենյանի՝ արբանյակի հիմնական խնդիրն է լինելու տեղեկատվության հավաքումը՝ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու նպատակով։ Ճապոնիայի և Հարավային Կորեայի կառավարությունները Հյուսիսային Կորեայի իշխանություններից պահանջել էին հրաժարվել հետախուզական արբանյակի արձակման պլաններից: