Բաժիններ՝

Instigate mobile-ը վերանվանվում է Zealous

Մայիսի 27-ին Ինստիգեյթ մոբայլը պաշտոնապես հայտարարեց, որ մեկնարկում է ընկերության նոր բրենդը՝ Zealous անվանումով։

Նոր անվանումն, ըստ ընկերության, ավելի համապարփակ է ներկայացնում թիմի՝ տարիներով ստուգված արժեքները և ձևավորած որակները` խորքային գիտելիք, ամուր և եռանդուն թիմ, նախաձեռնողականություն, հոգատարություն սեփական համայնքի և նախագծերի նկատմամբ:

Նոր բրենդի անցումը համընկել է նաև ընկերության հիմնադրման 11-րդ տարվա հետ։ Ավելի քան 260 թիմակից Հայաստանի 6 քաղաքից ժամանել է Վանաձոր՝ նշելու ընկերության 11-ամյակը։

«Նոր բրենդի նպատակն է ընդգծել մեր արժեքները, որոնցով առաջնորդվել ենք այս տարիներին։ Ընկերության բրենդի փոփոխությունը չի նշանակում, որ մենք փոխվելու ենք և սկսենք զբաղվել այլ գործով։ Բրենդի փոփոխության նպատակն է պարզապես լավագույնս ներկայացնել, թե իրականում ով ենք և որն է մեր նպատակը, ինչն է կարևոր մեզ համար և ինչ ենք անում այդ «կարևորը» պահպանելու և զարգացնելու համար»,- միջոցառմանն իր ելույթում նշել է ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը։

Տեղեկացնենք, որ Ինստիգեյթ մոբայլը հիմնադրվել է 2012 թվականին, մինչև այդ գործել է որպես Ինստիգեյթ ընկերության ստորաբաժանում, ապա՝ զարգացման և ուղղությունների մեծացման արդյունքում դարձել է առանձին ընկերություն։

Ընկերությունն իր գործունեության սկզբնական շրջանում զբաղվել է մոբայլ լուծումների մշակմամբ, ինչով էլ պայմանավորված էր անվանումը, սակայն հետագայում ընկերությունն ընդլայնել է իր գործունեության ոլորտը և մասնագիտացել նաև արհեստական բանականության նորարարության, խոշոր կորպորատիվ լուծումների, համացանցում նախագծերի և հիմնարար հետազոտությունների և մշակումների մեջ։

Այսուհետև արդեն Zealous ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման մշակման և այլ տեխնոլոգիական ծառայություններ միջին, խոշոր և միջազգային ընկերություններին. Գործընկերների աշխարհագրական քարտեզում են ԱՄՆ-ն, Գերմանիան, Շվեյցարիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան, ԱՄԷ-ն և այլ երկրներ։ Ընկերության գործընկերները մասնագիտացված են բժշկությունից մինչև ֆինանսական, սպորտից մինչև սպասարկման ոլորտներում։ Ընկերությունն ունի ավելի քան 260 թիմակից Հայաստանի 6 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Գորիսում, Կապանում, Ստեփանակերտում և ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս