Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման «սրբազան ժամկետ» չկա. Թուրքիայում ՌԴ դեսպան

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը դրական բնույթ է կրում։ Կողմերն աշխատում են դիրքերի մերձեցման ուղղղությամբ, բայց աշխատանքի ավարտի ժամկետի մասին խոսելն առայժմ վաղ է։ Այս մասին ասել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը կլոր սեղանի ժամանակ, որը տեղի է ունենում «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի հարթակում, տեղեկացրել է «Սպուտնիկ»-ը։

«Նման աշխատանք այժմ կատարվում է, բայց որեւէ կոնկրետ ժամկետ, կոնկրետ, ինչպես ասում են, «սրբազան ամսաթիվ» այստեղ չկա։ Գործընթաց կա, գործընթացը դրական է։ Հույս ունենանք, որ այն կզարգանա ճիշտ եւ անհրաժեշտ ուղղությամբ»,- ասել է ռուս դիվանագետը։

Ըստ նրա՝ «խոսք է եղել այն մասին, որպեսզի այս ամռանը, այսինքն՝ զբոսաշրջային սեզոնին, սահմանը բացվի, ասենք, երրորդ պետությունների քաղաքացիների համար»։ Սակայն կոնկրետ պայմանավորվածություններ այս հաշվով դեռ չկան, նշել է Երխովը։

Ռուս դեսպանը ուշադրություն է հրավիրել դրական ազդակի վրա, որը տրվել է Անկարայի եւ Երեւանի հարաբերություններին «երկրաշարժի դիվանագիտությամբ»։

«Այստեղ այժմ այդպես են անվանում հումանիտար օգնությունը։ Այդ օգնությունը, որը Թուրքիային ցուցաբերել է Հայաստանը, օգնել է հավելյալ քայլեր անել երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս