Բաժիններ՝

ՕՊԵԿ-ը հույս ունի, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները կվերացվեն, և երկիրը կավելացնի նավթի արդյունահանումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) «անհամբերությամբ սպասում է», թե երբ կվերացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները, և երկիրը կկարողանա ավելացնել նավթի արդյունահանումը: Այս մասին Shana լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Հայթամ ալ-Ղայսը։

«Իրանը ՕՊԵԿ-ի հիմնադիրներից մեկն է և նավթի համաշխարհային շուկայում հանգուցային խաղացողներից մեկը: Իրանը ներկայում գտնվում է պատժամիջոցների տակ, և դա սահմանափակում է արդյունահանումը: Մենք գիտենք, որ Իրանը կարող է արդյունահանման ծավալներն զգալիորեն մեծացնել կարճ ժամկետներում: Դա ցույց է տրվել 2015-2016 թթ.-ին, երբ չեղարկվել էին պատժամիջոցները», – ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը։

«Իսկապես, մենք ողջունում ենք Իրանի նավթարդյունահանման վերադարձն ապագայում, երբ պատժամիջոցները կչեղարկվեն: Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ օրվան»,- նշել է նա։

Ալ-Ղայսի գնահատմամբ՝ Իրանին հաջողվել է նավթի արդյունահանումն ավելացնել օրական գրեթե 1 մլն բարելով։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ երկիրը շարունակում է ներդրումներ կատարել նավթային ոլորտում ինչպես հանքավայրերի զարգացման նախագծերում, այնպես էլ նավթաքիմիական արդյունաբերության մեջ։

«Այսպիսով, Իրանը, որպես առանցքային մասնակից, ՕՊԵԿ-ի մյուս անդամների հետ միասին շարունակում է նավթի կայուն և հուսալի մատակարարումներ ապահովել ամբողջ աշխարհի սպառողներին», – ընդգծել է նա։

Ալ-Ղայսն Իրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նավթի նախարար Ջավադ Օուջիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս