Բոլորս համբերատար սպասում ենք կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության լավացմանը․ Վահան Քերոբյան
Հայաստանում գործող կենսաթոշակային ֆոնդերը, որտեղ կուտակվում են կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից քաղաքացիների պարտադիր վճարները, առաջիկայում կարող են հնարավորություն ստանալ ներդրումներ անել երկրում գործող ընկերությունների մեջ։ Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նախարարը նշեց, որ այս պահին այդ ֆոնդերը շատ փոքր ներդրումներ են անում, որովհետև սահմանափակված են նրանց հնարավորությունները։
«Նրանք իրավունք չունեն ուղիղ ներդրումներ կատարել ընկերությունների մեջ։ Հիմա Կենտրոնական բանկի գործընկերների հետ փոխում ենք կարգավորումները, և, եթե կառավարությունը հաստատի, ապա կենսաթոշակային ֆոնդերը հնարավորություն կունենան ընկերությունների մեջ ուղիղ ներդրումներ անել»,- մանրամասնեց Քերոբյանը։
Այսօր նրանց հնարավորությունները սահմանափակված են բանկերին վարկեր, ավանդներ տրամադրելու, պետական պարտատոմսերի մեջ ներդրումներ կատարելու և այլ մասնավոր ներդրումային ֆոնդերի մեջ ներդրումներ կատարելու գործիքների շրջանակով։ «Կարծում եմ, որ շուտով շրջանակը կընդլայնվի։ Գիտեմ, որ ֆոնդերը ևս շտապում են իրական հատվածներում ներդրումներ կատարելու մեջ, որովհետև այն սահմանաչափերը, որ դրված են նրանց առջև համարյա ամբողջությամբ լրացված են, և նրանց անհրաժեշտ են նոր ուղղություններ տեղական շուկայում ներդրումներ կատարելու համար»,- ասաց նախարարը։
Խոսելով կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության մասին Քերոբյանը կարծիք հայտնեց, որ բնական է, որ այդ ֆոնդերում գումարներ կուտակող մարդիկ պետք է դժգոհ լինեն դրանց եկամտաբերությունից։ «Բայց, ինչպես Կենտրոնական բանկի մեր գործընկերներն են սիրում ասել, կենսաթոշակային ֆոնդերը երկարաժամկետ ներդրումներ են, ուստի բոլորս համբերատար սպասում ենք այդ ֆոնդերի եկամտաբերության լավացմանը»,- եզրափակեց Վահան Քերոբյանը։