Կիևը գիշերը ենթարկվել է ԱԹՍ-ներով զանգվածային հարձակման, իսկ ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Մոսկվայի երկնքում 8 ԱԹՍ-ի խոցման մասին
Կիևը հայտնել է այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերի կողմից հարձակման մասին: Ըստ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի՝ ի տարբերություն նախորդ օրվա հարձակման, երբ Ռուսաստանն օգտագործել էր տարբեր զինատեսակներ, այս անգամ հարձակումն իրականացվել է բացառապես իրանական «Շահիդ» բարաժավորող զինամթերքով: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարձակումն իրականացվել է մի քանի ուղղություններով: Օդային տագնապի ազդանշանը հնչել է գրեթե երեք ժամ:
Իր հերթին Unian պարբերականը հաղորդում է, որ Ուկրաինայի ՀՕՊ համակարգերը Կիևի երկնքում խոցել են 31 ԱԹՍ-ներից 29-ը: Ըստ ուկրաինական կողմի՝ դրանք եղել են «Շահիդ-136/131» ԱԹՍ-ներ:
Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Ռուսաստանին չի տրամադրել իրանական արտադրության անօդաչուներ Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններում օգտագործելու համար:
Նշվում է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, ավտոմեքենաներ և ձեռնարկություն: Կա զոհ և վիրավորներ: Գոլոսեևսկի շրջանի բազմաբնակարան շենքում բռնկված հրդեհի պատճառով 20 մարդ տարհանվել է:
Ռուսական կողմն էլ հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը 28 արկ են արձակել պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովկա և այլ բնակավայրերի վրա: Իսկ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի մարզում, ըստ ТАСС-ի, հարվածներից վնասվել է գազատարը:
Ռուսաստանը հայտնել է Մոսկվային մոտեցող ԱԹՍ-ների խոցման մասին: ՌԴ-ի մայրաքաղաքում մի քանի շենքեր են վնասվել:
Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Կիևը Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ արձակել է 8 ԱԹՍ, որոնք բոլորը խոցվել են: Դրանցից 3-ը ոչնչացվել են ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, կորցրել են վերահսկողությունը և շեղվել նախանշված թիրախներից, իսկ 5-ը խոցվել են «Պանցիր-Ս» զենիթային հրթիռահրանոթային համալիրով Մերձմոսկովյան շրջանում: