Կոսովոյում իրավիճակի սրման ֆոնին Սերբիայի նախագահը հանդիպումներ կանցկացնի մի շարք երկրների դեսպանների հետ
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը մտադիր է մոտ ապագայում մի շարք պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել իրադրությունը Կոսովոյի հյուսիսում: Այդ մասին տեղեկանում ենք «Интефакс» գործակալությունից:
«Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեքշաբթի օրը հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան-Խարչենկոյի, Չինաստանի դեսպան Չեն Բոյի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի ներկայացուցիչների, ինչպես նաև Սերբիայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի հետ», – մեջբերում է «Интерфакс»-ը Սերբիայի ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրություններից։
Հանդիպումները կանցկացվեն Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման ֆոնին։
Մայիսի 29-ին Կոսովոյի հյուսիսում բախումներ էին տեղի ունեցել, որոնց հետևանքով, ըստ Իտալիայի պաշտպանության նախարարության, վիրավորվել է ՆԱՏՕ-ի առնվազն 34 խաղաղապահ: Իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ ալբանացի քաղաքապետները ստանձնել են իրենց պաշտոնները մի շարք մունիցիպալիտետներում, որտեղ բնակչության մեծամասնությունը սերբեր են: Սերբերն ապրիլին բոյկոտել էին ընտրությունները, ինչի պատճառով ընտրություններին մասնակցությունը կազմել էր 3,47 %։
Տեղի բնակիչներին՝ սերբերին, թույլ չի տրվել մտնել քաղաքային վարչակազմերի շենքեր, նրանք էլ չեն ցանկացել զիջել իրենց աշխատատեղերը կոսովցի ալբանացիներին, որոնք ապրիլի վերջին կայացած ընտրություններում ընտրվել են տեղական վարչակազմերի ղեկավարներ։ Տեղի են ունեցել բախումներ՝ լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի կիրառմամբ։