Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել դպրոցներում խուսափել դրամահավաքներից «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ամեն տարի դպրոցի« Վերջին զանգի» օրերին եւ ավարտական երեկոներին ընդառաջ ակտիվանում է դպրոցներում կատարվող դրամահավաքների թեման: Ինչո՞ւ մինչեւ հիմա չի հաջողվել խուսափել այդ երեւույթից, ի՞նչ է պետք անել դրա համար, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանից:
– Այն, որ դպրոցներում դրամահավաքներ կան, կոռուպցիոն երեւույթներ կան, այն բանի հետեւանքն են, որ համակարգ չունենք: Եթե քո համակարգը նորմալ չէ, իրավունք չունես այդ վատ համակարգի հետեւանքների դեմ պայքարելու, պետք է համակարգն այնպես կառուցես, որ այդ հետեւանքներն ինքնըստինքյան վերանան: Եթե 50 տարի էլ շարունակենք տարածել շրջաբերականներ, որ դպրոցներում դրամահավաքն արգելվում է, կամ 100 տարի բողոքենք դրամահավաք անողներից, միեւնույն է՝ խնդիրը չի լուծվի, որովհետեւ մենք սխալ խնդիր ենք փորձում լուծել, դա հետեւանքն է, պատճառները պետք է վերացնել:
Մենք պետք է կարողանանք ունենալ համակարգ, որտեղ ավելի արժանապատիվ հարաբերություններ կլինեն: Բայց մենք նաեւ չպետք է անտեսենք, որ սա հայ ժողովրդի մշակույթի մաս է, հանրային այդ ջերմությունը կարեւորվում է, ու շատ դեպքերում դրանից է գալիս այս ամենը»: