Վրաստանի և Իրանի արվեստագետները վարպետաց դասեր կանցկացնեն Հայաստանում
Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 27-ից հունիսի 15-ը Վրաստանից և Իրանից Հայաստան ժամանած ժամանակակից արվեստագետները վարպետության դասեր, աշխատարաններ և հանդիպումներ կանցկացնեն Հայաստանում։
Կենտրոնն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։
Տիկնիկագործություն, պար, վիզուալ արվեստ, գեղագրություն, պատմասացություն. նախագիծն ընդգրկուն է և հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ երեք երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը նաև հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:
Հրավիրյալ արվեստագետներին ևս մշակութային օրակարգ է սպասվում։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ և արվեստի այլ կենտրոններ։
Նախագիծը մեկնարկը կտրվի մայիսի 30-ին՝ ԳԱԿ պատկերասրահում վրացի արվեստագետ Գիորգի Միսաուրիի աշխատանքների անհատական ցուցահանդեսով։
Հ. Իգիթյանի անվ. գեղագիտության ազգային կենտրոնը «ԳԱԿ մշակութային խաչմերուկ. ժամանակակից արվեստագետների այց Վրաստանից և Իրանից» նախագիծն իրականացնում է Իրանի և Վրաստանի գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։