Տեղ համայնքի Սբ. Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում
Պետական աջակցությամբ տարեսկզբից իրականացվում են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքները:
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները հերթական այցն են կատարել Սյունիքի մարզ՝ Սբ Գևորգ եկեղեցու վերականգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցին ներկա էին կապալառու և որակի տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:
Աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի և նախատեսված ծրագրի: Քննարկվել են շինարարության ընթացքում առաջացած խնդիրները, տեղում տրվել են նոր նախագծային լուծումներ: Շինարարության ընթացքը գնահատվել է բավարար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել ընթացիկ տարում:
Այցի շրջանակում նախատեսված հաջորդ հուշարձանը Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում գտնվող Մխիթար սպարապետի գերեզմանն էր: Աշխատանքային խմբի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ Խնձորեսկի պահպանական գոտում իրականացվող շինարարության վերաբերյալ: Քննարկվել է Խնձորեսկին արգելոց–թանգարանի կարգավիճակ տալու անհրաժեշտությունը:
Աշխատանքային խումբն այցելել է նաև Վայոց ձորի մարզի Հորս գյուղ, որտեղ վարչական ղեկավարի հետ դիտարկվել են 13-րդ դարով թվագրվող Իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը («Չեսարի դարպաս») և նրա հարակից տարածքում գտնվող եկեղեցին: Վերջինը գտնվում էր կիսավեր վիճակում, մի մասով հատում էր գյուղական նշանակության ճանապարհը, որի արդյունքում քանդվել էր եկեղեցու արևմտյան հատվածը: Մասնագիտական խումբն արձանագրել է պեղումների իրականացման անհրաժեշտությունը, որից հետո թանգարանացման ծրագրի շրջանակում անհրաժեշտ կլինի ձեռք բերել կառույցների միասնական վերականգնման նախագիծը՝ հուշարձանը վերականգնելու նպատակով: