Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը կմասնակցի BRICS-ի նախարարական հանդիպմանը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կմասնակցի BRICS-ի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հունիսի 1-2-ը Քեյփթաունում։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտարարել է տնտեսական հարցերով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին։

«Մեր երկրի արտաքին գործերի նախարարը կմասնակցի այդ հանդիպմանը», – մեկնաբանել է փոխնախարարը Քեյփթաունում BRICS-ի խորհրդակցությունը։

Սաֆարին նշել է, որ Իրանի արտգործնախարարության ղեկավարը նաև մի շարք հանդիպումներ կանցկացնի BRICS-ի անդամ երկրների ներկայացուցիչների հետ։ Նա կարծում է, որ «դա լավ հնարավորություն է քաղաքական և տնտեսական համագործակցության զարգացման, ինչպես նաև անվտանգության ոլորտում համագործակցության համար»։

Մայիսի 2-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելուց հետո Թեհրանը որոշել է հայտ ներկայացնել BRICS-ին և պատրաստվում է միանալ երկրների այդ խմբին։

Մայիսի 20-ին BRICS-ում Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչ Անիլ Սուկլալը ТАСС-ին հայտնել էր, որ միավորմանն անդամակցելու են ձգտում 19 երկրներ, որոնցից 13-ը համապատասխան հայտեր են ներկայացրել։ Նրա խոսքով՝ BRICS-ում պատրաստում են կազմակերպության ընդլայնման հայեցակարգ, որը Քեյփթաունում կներկայացվի արտգործնախարարությունների ղեկավարների քննարկմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս